Պուտինը և Տոկաևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ղազախական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ղազախստանի նախագահը նշել է Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ գործադրվող ջանքերի արդյունավետությունը։ Երկու կողմերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերի 9-ին բարձր մակարդակով համաձայնեցված միջոցառումների համալիրը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք կարգավորման համար ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա:
Կարծիքներ