Այն մարդիկ, որ տունը թողել են և տնակում ապրելը համարել հեռանկարային, չեն կարող ապահովել երկրի զարգացումը. վարչապետ

Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո մինչև այժմ կա տնակ-մանկապարտեզ և մեկ այլ մանկապարտեզ ևս, որի շենքը զավթել են և չեն ազատում: Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ մանկապարտեզի սաները 2023 թվականի համար՝ խնդրելով, որ Կառավարությունը գործուն ջանքեր գործադրի՝ մանկապարտեզը հետ բերելու ուղղությամբ:
Հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց. «2018 թվականից զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ինձ համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը: Առաջին հարցերից էր՝ ներկայացնել այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ պետությունն ունի պարտավորություն՝ երկրաշարժի աղետի հետևանքների վերացման առումով: Պիտի արձանագրեմ, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ն բոլոր այդ քաղաքացիների նկատմամբ պարտավորությունը կատարել է, բացառությամբ 28 ընտանիքից, որոնք իրենք են ցանկություն հայտնել, որ իրենց հարցերը լուծվի «Կապսի» ջրամբարի կառուցման շրջանակներում: Դե յուրե այս պահին ՀՀ-ն 1988 թվականի երկրաշարժ հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պատասխանատվություն»:
Վարչապետի խոսքով՝ հաջորդ արձանագրությունն այն է, որ պետությունն ուշադրություն է դարձրել և շարունակում ուշադրության կենտրոնում պահել քաղաքների, մասնավորապես՝ Գյումրիի զարգացման հարցերը: Տնակային ավանը կամ ավանները Գյումրիի զարգացման ամենամեծ խոչընդոտն են:
«Մեզ մոտ հարց առաջացավ, եթե մենք երկրաշարժից տուժած բոլոր քաղաքացիների առաջ կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները, ինչո՞ւ են շարունակում գոյություն ունենալ տնակները: Ես խնդիր դրեցի, որ մենք պետք է ազատվենք դրանից, բայց հընթացս ստացանք դիմումներ, նամակներ, որ ժամանակին եղել է անարդարություն, և պետությունն իր պարտավորությունները չի կատարել որոշ անձանց նկատմամբ: Այդ նամակներին արձագանքելով՝ տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում բնակվող քաղաքացիների գտնվելու հանգամանքները, որի արդյունքում պարզվեց՝ կան մարդիկ, որոնք մոտակա գյուղերում ունեն բնակարան, պարզապես տնակ են գնել և բնակվում են Գյումրիում:
Կան տնակներ, որոնք ավերակ են կամ շարունակում են մնալ այն մարդկանց տիրապետության ներքո, որոնք ունեն բնակարան: Այս պարագայում մենք պետք է պարզենք այդ տնակներում բնակվող անձանց իրավահավասարությունները պետության նկատմամբ, այսինքն՝ ո՞ւմ նկատմամբ պետությունն ունի պարտավորություն: Իհարկե, դա անպայմանորեն կարվի, բայց այն մարդիկ, որոնք իրենց տունը թողել են և տնակում ապրելը համարել են հեռանկարային, չեն կարող այդ կերպ ապահովել մեր երկրի զարգացումը: Եթե պարզվի, որ տվյալ անձը այլ հանգամանքների բերումով է հայտնվել այդտեղ, կգործի իրավական ընթացակարգ, այն էլ խիստ միջոցներով, որովհետև այստեղ խնդիրը քաղաքի զարգացման մասին է»,- նշեց Կառավարության ղեկավարը:
Ըստ նրա՝ առանց այդ տնակային ավանի ապամոնտաժման Գյումրին իրական զարգացում չի ունենալու կամ խոչընդոտվելու է մեծապես. «Եթե չեմ սխալվում, այնտեղ մի մեծ կտոր կա, որը քաղաքային զբոսայգու համար է նախատեսված»:
Կարծիքներ