Արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթի համար 90 մլն դրամ է տրամադրվել «Ինժեներական ասոցիացիա» ՀԿ-ին․ Հակոբ Արշակյա
ՀՀ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ Կառավարության որոշմամբ դրամաշնորհ տրամադրվեց «Ինժեներական ասոցիացիա» ՀԿ-ին` կազմակերպելու եւ իրականացնելու թոքերի արհեստական շնչառական սարքերի նախագծման մրցույթ՝ տրամադրելով 90 մլն ՀՀ դրամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման նման հայտարարություն արեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ սահմանված ժամկետներում «Ինժեներական ասոցիացիան» հայտարարեց և կազմակերպեց մրցույթ՝ ստեղծելով հատուկ մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված էին ներկայացուցիչներ առողջապահության և ԲՏԱ Նախարարությունից, գիտահետազոտական ինստիտուտներից և ինժեներական ընկերություններից:
«Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել “YEA Engineering” ընկերությունը, որը ներկայացրել էր ԹԱՇՍ նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկման, համակարգի նախագծման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման ամբողջական փաթեթ: YEA Engineering ընկերությունը լիցենզավորում է ստացել NASA Jet Propulsion Laboratory կողմից մշակելու և արտադրելու COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգերը»,- ասաց նա։
Արշակյանը հավելեց, որ լիցենզավորման մրցույթին 42 երկրներից դիմել էին 330 ընկերություններ, որոնցից ընդամենը 28-ին է հաջողվել ստանալ լիցենզիա: Նախարարը նշեց, որ նախագծային աշխատանքները այժմ զուգահեռաբար ընթանում են 3 ուղղությամբ, իսկ որպես կանխավճար տրամադրվել է 35 մլն ՀՀ դրամ, որի միջոցով ձեռք են բերվում անհրաժեշտ կոմպոնենտները:
Կարծիքներ