«Ես կամ». զորացրված 20-ամյա Նարեկը հերքում է իր մահվան մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը (ֆոտո)
Հուլիսի 13-ին Տավուշի զորամասերից մեկից զորացրված 20-ամյա Նարեկ Պետրոսյանին ապշեցրել է ադրբեջանական մամուլում իր մահվան մասին լուրը: Նարեկը պատմեց, թե ծանոթներից է լսել, որ իր մահվան մասին ադրբեջանական մամուլում լուրեր են հայտնվել:
«Ես շատ զարմացա, երբ ընկերներիցս մեկն ասաց, որ ադրբեջանցիները լուր են հայտնել, թե իբր ես մահացել եմ: Չգիտեմ` որտեղից են վերցրել իմ Ֆեյսբուքի, Ինստագրամի ու ID քարտի համարը ու նման լուր հրապարակել: Այս քայլով իրենք ցանկանում են իրենց ժողովրդին հույս տալ, որ մեր զորքերում էլ մահեր կան, երեւի ուզում են մեղմեն իրենց զոհերի քանակի թողած ազդեցությունը, որոնց թվում, բարձրաստիճան զինվորականներ էլ կան»,- ասաց նա:
20-ամյա Նարեկը վատ է զգում, որ կեղծ լուրն իրարանցում է առաջացրել այն ծանոթների ու բարեկամների շրջանում, որոնք չգիտեն իր զորացրվելու մասին․ նրանք զանգահարում, հարցնում են այդ լուրի իսկության մասին, ինքն էլ հերթով հերքում է:
«Ուղղակի տարբեր տեղերից էնքան են զանգում, գրում, հարցնում, ասում եմ` ժողովուրդ, նման բան չկա, ես կամ, նույնիսկ Ինստագրամում սթորի եմ արել, որ՝ ժողովուրդ, նման բան չկա»,- ասաց նա:
Նարեկն ափսոսում է, որ զորացրվեց եւ չհասցրեց մասնակցել ռազմական գործողություններին, եւ հավելում` մեր զինվորների մարտական ոգին ու պատրաստվածությունը շատ բարձր են եւ ինքը վստահ է՝ մեր զինված ուժերը արժանի հակահարված են հասցնելու հակառակորդին:
Նշենք, որ Նարեկի մասին լուրը տարածել է haqqin.az կայքը: Կեղծարարները տեղադրել են 2000 թվականին ծնված Նարեկ Պետրոսյանի՝ զինվորական համազգեստով լուսանկարն ու գրել, թե իբր նա զոհվել է Տավուշի սահմանային հատվածում։
Կարծիքներ