ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել եմենյան կղզուն
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) թիրախների վրա Եմենի Քամարան կղզում, որն ապստամբների վերահսկողության տակ է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ կոալիցիոն ուժերն առնվազն չորս հարված են հասցրել Կարմիր ծովի Ալ-Հոդեյդա նահանգի ափերի մոտ գտնվող կղզուն։ Հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ»-ը նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը և թույլ չի տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով, մինչև պաղեստինյան անկլավում գործողությունների դադարեցումը: 2023-ի նոյեմբերից հութիները հարձակվել են Կարմիր ծովում և Ադենի ծոցում տասնյակ քաղաքացիական նավերի վրա։
Ի պատասխան «Անսար Ալլահ»-ի գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին միջազգային կոալիցիայի ստեղծման և «Բարգավաճ պահապան» օպերացիայի մեկնարկի մասին՝ ապահովելու նավարկության ազատությունը և պաշտպանելու նավերը Կարմիր ծովում: Այնուհետև Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերը սկսեցին կանոնավոր հարվածներ հասցնել Եմենում ապստամբների ռազմական օբյեկտներին։
Կարծիքներ