Ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել՝ պատերազմը կանխելու համար. նախկին նախարարը փաստաթղթերից մեջբերումներ արեց
«Ի պաշտոնե իմ լիազորությունների շրջանակում ես իրականացրել եմ պաշտպանական քաղաքականության իրականացումը, դա բովանդակային ձևակերպվում է մի քանի փաստաթղթերով»:
Այս մասին այսօր՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել ինքը՝ պատերազմը կանխելու համար, հայտնեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Բայց այն փաստաթղթի վերաբերյալ, որի վերաբերյալ ես կարող եմ խոսել, իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված կառավարության երկու որոշումներն են՝ 2018-ի և 2019-ի: Ընդ որում, 2018-ի որոշումը կարելի է կոալիցիոն կառավարության ծրագիր կոչել, իսկ 2019-ի կառավարության ծրագիրը ունի նաև միջոցառումների ցանկ, որը կարող եմ ներկայացնել: 2019-2023 վկանների կառավարության ծրագիրն ունի պաշտպանությանը վերաբերող մաս»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը կարդաց փաստաթղթերից որոշ հատվածներ. «Զսպող ուժերի և միջոցների զարգացում, զորքերի մարտական կարողությունների բարձրացում: Դա ներառում է՝ ավելացնել հրթիռային զորքերի և հրետանու կրակային և հարվածային հնարավորությունները, ԶՈՒ-ն համալրել բազմագործուն ավիացիոն համալիրներով: Դա ՍՈՒ 30-ների մասին է, որի վերաբերյալ անընդհատ հարցեր են առաջանում, և ԱԹՍ-ներով: Բարձրացնել օդային հարձակման միջոցների պաշտպանվածության մակարդակը և կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը:
Բացի դրանից գոյություն ունի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիր, ԶՈՒ զարգացման ծրագիր, գոյություն ունի մշակվող, վերամշակվող և անընդհատ թարմացվող ԶՈՒ կիրառման պլան ու դրանից բխող փաստաթղթերի մեծ փաթեթ»:
Տոնոյանը հավելեց, որ դրանք եղել են իր՝ որպես պաշտպանության նախարար գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը, և ինքն այն իրականացրել է:
Կարծիքներ