Կրակոց Երևանում․ 1 հոգի հրազենային, ևս 1- ն էլ դանակահարված, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն
Ապրիլի 1-ին՝ վիճաբանություն-կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ 10 րոպե անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարված մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 25-ամյա Համլետ Սարգսյանը, ով եղել է դանակահարված և 26-ամյա Վռամ Պողոսյանը, ով եղել է հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Պարզվել է նաև, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Բաբաջանյան փողոցի 115 շենքի բակային հատվածում, որտեղ էլ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ և արնանման հետքեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունները հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք՝ հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կարծիքներ