ՀՀ-ն անցում է կատարում նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության
Ընթացիկ տարում զգալի աշխատանք պետք է կատարվի նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված նախագծի համաձայն` ներառական կրթական համակարգին անցումը լինելու է փուլային: Այս տարվա ընթացքում նախատեսված է համապատասխան գործիքակազմի, մոդուլների մշակում, նախակրթարանների անձնակազմի վերապատրաստում, իրազեկման աշխատանքներ: Դրանից հետո՝ եկող տարվանից, համընդհանուր ներառման սկզբունքը կգործի Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևանում: Մյուս մարզերը կմնան 2023 թվականի ներդրման գործընթացում, նույն տրամաբանությամբ՝ իրազեկում, վերապատրաստում, ներդրում:
«Այստեղ կարևոր է այն, որ նախադպրոցական հաստատությունները կցագրվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, որպեսզի պարզ լինի, թե նախակրթական հաստատություններին որ կենտրոններն են սպասարկելու: Հետևաբար` մենք փոխել ենք նաև տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների ֆինանսավորման կարգը՝ հաշվի առնելով այն, որ ծառայություններ են մատուցելու նախադպրոցական հաստատություններին: Կարգը գտնվում է շրջանառության վերջին փուլում, արդեն իսկ ներկայացված է վարչապետի աշխատակազմին»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Քանի որ օրենսդրորեն նախատեսված է նաև կրթության ֆինանսավորման ավելացում առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին նախակրթարաններ ընդգրկելու համար, ըստ Ժաննա Անդրեասյանի, մշակել և շրջանառել են պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգ, որտեղ նախատեսված է նաև հավելյալ ֆինանսավորում կրթության զարգացման առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Սա նույնպես ներկայացվել է վարչապետի աշխատակազմին:
«Հույս ունեմ, որ սա նույնպես առաջիկայում կհաստատվի: Այս փոփոխությունները հնարավորություն կտան մի կողմից մասնագիտական, մյուս կողմից ենթակառուցվածքների տեսանկյունից պայմանները բարելավելուն: Այստեղ շատ կարևորում եմ իրազեկման աշխատանքները: Մենք պետք է կարողանանք ապահովել հանրային պատշաճ իրազեկում, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն ու օգտվեն այս հնարավորություններից: Կարևոր է նաև հենց նախակրթարանների աշխատակիցների վերապատրաստումը, որ նրանք կարողանան աշխատել առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ: Տարեկան կտրվածքով աշխատակիցների 1/5-ն առնվազն պետք է վերապատրաստվի ու դա պարտադիր բաղադրիչ է լինելու ներառական համակարգում»,-ասաց նախարարի տեղակալը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ, կառավարությունը վարում է նախադպրոցական հաստատությունների որակի բարձրացման ու դրանց ընդլայնման քաղաքականություն: Նա հիշեցրեց, կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը, ըստ որի, առաջիկայում 10 մուդալային մանկապարտեզ կկառուցվի: Դրանք կունենան ժամանակակից պահանջներին համապատասխան ենթակառուցվածքներ՝ ամբողջությամբ հարմարեցված երեխաների կարիքներին: Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ մանկապարտեզների հետ կապված բոլոր ծրագրերում ուշադրություն է դարձվում ներառականության բաղադրիչին: Օրինակ, նախորդ տարի «Կրթության բարելավում ծրագրի» շրջանակում տարբեր մարզերում 21 նախակրթարան է բացվել՝ հարմարեցված առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Նախարարի տեղակալի խոսքով, այս բոլոր գործընթացներում կարևորվում է համայնքների ակտիվությունը:
«Այնպիսի պայմաններ պետք է լինեն, որ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխայի ծնողը տանի այն մանկապարտեզ, որտեղ ցանկանում է: Նույնը պետք է լինի նաև դպրոցների պարագայում: Ցավոք, այսօր այդպես չէ, որոշ դպրոցների ենթակառուցվածքների ոչ բավարար վիճակը բերում է նրան, որ մեզ մոտ ձևավորվում է, այսպես կոչված, նոր հատուկ դպրոցներ: Այսինքն՝ դպրոցներ, որտեղ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն ավելի մեծ թվով են խտանում: Սա ցանկալի տարբերակ չէ, մենք հասկանում ենք, որ ձևավորվում է այն պատճառով, որ բոլոր դպրոցները չէ, որ ունեն նույն պայմանները, բայց պետության քաղաքականությունը պետք է լինի այն, որ բոլոր դպրոցներում ապահովվեն նվազագույն պայմանները, որպեսզի իրոք գործի օրենսդրական հետևյալ կանոնը՝ ծնողը կարող է երեխայի համար ընտրի ցանկացած հաստատություն ու այդ հաստատությունը լինի ներառական»,-հավելեց Ժաննա Անդրեասյանը: Նա անդրադարձավ նաև ներառականության հետ կապված հասարակության կարծրատիպերին՝ նշելով, որ վերջին տարիներին բավական տեղաշարժ ապահովվել է, բայց դա բավարար չէ:
Աննա Գզիրյան
Կարծիքներ