«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները նոյեմբերի 21-ին շուրջ 20 ռազմական գործողություններ են իրականացրել Իսրայելի բանակի դեմ՝ հրթիռակոծելով Աշդոդում և Հայֆայում գտնվող ռազմակայանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է շարժման տարածած հաղորդագրությունում:

Ըստ տեղեկությունների՝ սահմանային Թել Հարֆա բնակավայրում հարձակման են ենթարկվել նաև իսրայելական մեկ դիվերսիոն և մի քանի տարհանման խմբեր՝ զրահատեխնիկայով հանդերձ:

Նշվում է, որ իսրայելական կողմն ընդունել է չորս զինվորականների զոհվելու և վեց մարտիկի վիրավորվելու փաստը:Իսրայելցի զինվորականների ևս մի քանի խմբեր հարձակման են ենթարկվել Իսրայելի տարածքում՝ Միտուլա բնակավայրի մոտ:Հաղորդագրության համաձայն՝ «Հեզբոլլահ»-ի մարտիկներն առաջին անգամ հրթիռակոծել են Լիբանանի հետ սահմանից 150 կմ հեռավորության վրա՝ Աշդոդ քաղաքից արևելք գտնվող իսրայելական Հաթցոր ավիաբազան:

Նաև հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհի են ենթարկվել Ակկո քաղաքում գտնվող Շարագա ռազմաբազան, Հոլանի բարձունքներում տեղակայված վաղ նախազգուշացման կենտրոնը և Իսրայելի ռազմածովային ուժերի Հայֆայի բազան, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանից 35 կմ հեռու:

Իսրայելական ինքնաթիռներն էլ իրենց հերթին հարվածների չորս շարք է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, ինչպես նաև արևելյան Լիբանանի Բեքաայի հովտի մի քանի բնակավայրերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում