ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է GITEX-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է GITEX-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած GITEX ցանցի ներկայացուցիչներին՝ մասնավորապես կոմերցիոն տնօրեն Ռուպերտ Ադամին, GITEX-ի  ԱՊՀ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների գործընկերությունների և վաճառքների պատասխանատու Սաուլե Ջեֆֆերիսին և Հայաստանում ու Վրաստանում GITEX-ի պաշտոնական ներկայացուցիչ Նարինե Կոտիկյանին և նրանց հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված նախարարության ծրագրերը,  հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ներկա վիճակն ու հեռանկարները, առկա ներուժն ու ռեսուրսները, դրանց մաքսիմալ արդյունավետ օգտագործման և զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ռուպերտ Ադամն իր հերթին կիսվել է հայաստանյան ոլորտային ընկերություններ կատարած այցերի տպավորություններով, ներկայացրել Gitex-ի գործունեությունն ու առանցքային ծրագրերը, անդրադարձել Հայաստանում առկա ներուժին և պատրաստակամություն հայտնել համագործակցել տարբեր ուղղություններով:

Հանդիպմանը քննարկվել են նաև մանրամասներ GITEX GLOBAL 2025-ին, ինչպես նաև GITEX Europe, GITEX Asia միջոցառումներին Հայաստանի մասնակցության, տարածաշրջանային և գլոբալ հարթակներում Հայաստանի՝ ԲՏ ոլորտում դերի ամրապնդման, ճանաչողության բարձրացման, միջազգային գործընկերներ և ներդրումներ ներգրավելու հնարավորությունները: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության խորացման հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ:

GITEX GLOBAL 2025-ը հանդիսանում է աշխարհի ամենակայացած և խորհրդանշական լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այն համարվում է տեխնոլոգիա ստեղծողների, ներդրողների և էնտուզիաստների համագործակցության պրեմիերային դարպասը: Այս տարի միջոցառումը ընդգրկելու է երկու մեգա վայրեր՝ Դուբայի համաշխարհային առևտրի կենտրոն և Դուբայի նավահանգիստ: Այն առաջարկում է ավելի քան 40 ցուցահանդեսային տարածք՝ ցուցադրելով տեխնոլոգիական հսկաներին և նորարարական ստարտափներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են AI-ն, կիբերանվտանգությունը, շարժունակությունը, կայուն տեխնոլոգիաները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում