«Հաղթանակ, հուզմունք, երախտիք` մեկ նկարում»․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լուսանկար է տեղադրել Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի հանդիպումից, որում հավաքականի դարպասապահ Ալբերտ Աղաջանովը գոլ խփելուց հետո վազել և գրկել է հավաքականի բժիշկ, իրեն ապաքինած Այվազ Մխիթարյանին։ Նախարարը կից գրառում է կատարել․
«Ուզում եմ կիսվել այս դրվագով: Հաղթանակ, հուզմունք, երախտիք` մեկ նկարում: Երեկվա խաղից այս կադրը ֆիքսվել է այն պահին, երբ ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Ալբերտ Աղաջանովը գոլ խփելուց հետո վազել և գրկել է հավաքականի բժիշկ, իրեն ապաքինած Այվազ Մխիթարյանին (Սպիտակի բժշկական կենտրոն): ՀՖՖ բժշկական դեպարտամենտի բուժաշխատողների ամենօրյա աշխատանքի շնորհիվ են տղաները եղել լավ մարզավիճակում, պատրաստ եղել խաղին ու այս հաղթանակին:
Վերջին երեք տարիներին, երբ ՀՖՖ-ն ստեղծեց բժշկական դեպարտամենտ, նպատակ ունենալով նպաստել մեր երկրում սպորտային և ֆուտբոլային բժշկության զարգացմանը, մի քանի անգամ այցելել ու տեսել եմ հնարավորությունները, փորձել աջակցել կայացմանը: Շնորհավորում եմ, տղան՜եր. ներդրեցիք ամեն ինչ` առաջին անգամ նվաճելու ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2026թ առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
Նոր հաղթանակներ եմ մաղթում»,- գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել «Եվրո 2026»-ի եզրափակիչ։ Հայաստանի հավաքականը խմբում գրավել էր առաջին տեղը։
Կարծիքներ