Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանը հանդես է եկել աջակցող հայտարարությամբ
Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականությունը:
Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին և կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը և դադարեցնելու Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնեց իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:
Կարծիքներ