Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնության փորձի համար ձերբակալված կինն ազատ է արձակվել: Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել այսօր՝ ապրիլի 10-ին, Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։

Վերջինս չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները՝ ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։

Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել էր և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում