Հայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄ

Հայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն մակնշում չունեցող և պիտանիության ժամկետը փոխած, «Կինդեր» տեսակի քաղցրավենիք։

Տեսչական մարմնի կողմից լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել Երևանի Սուրամալու և «Փեթակ» առևտրի կենտրոններում, ուշադրություն է դարձվել նշված արտադրատեսակի մակնշմանը, պիտանիության ժամկետներին, պահման պայմաններին, խմբաքանակների նույնականացմանը և իրացման պահանջների պահպանմանը։

Հայտնաբերվել են նշված քաղցրավենիքի թե՛ կեղծված ժամկետով, թե՛ առանց հայերեն մակնշման խմբաքանակներ, որոնց իրացումը արգելվել է:

«Հարգելի տնտեսավարողներ, հորդորում ենք մատակարարներից ապրանքը ստանալիս ուշադրություն դարձնել պիտանիության ժամկետներին և հավաստիանալ, որ դրանք կեղծված չեն, ինչպես նաև՝ պահանջել ուղեկցող փաստաթղթերը, պարտադիր համարել հայերեն մակնշման առկայությունը:

Հարգելի սպառողներ, խնդրում ենք զգոն լինել և փոփոխված ժամկետով կամ առանց հայերեն մակնշման «Կինդեր» քաղցրավենիք նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին` 118 շուրջօրյա հեռախոսահամարով»,- նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում