Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է խաղաղության գործընթացում․ Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանը
Հայաստանը ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։
Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Ալմաթիում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է և մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալմամբ, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարում, որ հանդիպում են Ալմաթիում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։
«Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ 11 հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։
Կարծիքներ