Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խարկովի հրթիռակոծության մասին
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ՌԴ բանակը С-300 հրթիռով հարված է հասցրել Խարկովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր Telegram ալիքում գրել է, որ հարվածի հետևանքով տուժել է 2 մարդ, այդ թվում՝ 11-ամյա երեխա։
Բացի այդ, վնասվել է 26 մասնավոր տուն, որոնցից երկուսը լիովին ավերվել են։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը երկրի տարածքի վրա են արձակել 10 անօդաչու թռչող սարք, որոնք բոլորը խոցվել են։
Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական ուժերը հարավային և հյուսիսային ուղղություններից միաժամանակ հարձակում են սկսել բալիստիկ հրթիռներով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Բրյանսկի, Մոսկվայի և Բելգորոդի մարզերի օդային տարածքում 5 ԱԹՍ խոցելու մասին։ Տարբեր աղբյուրներ հաղորդել են նաև, որ հարվածի է ենթարկվել Կալուգայի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանը։
Կարծիքներ