Արարատ Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ՝ Հաջա Լահբիբի հետ համատեղ մամլո ասուլիսում գոհունակությամբ արձանագրել է Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արարատ Միրզոյանը նշել է, որ կողմերն անդրադարձել են գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել մասնավորապես տնտեսական, գիտական, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու, հնարավոր ներդրումները խթանելու ուղղությամբ։
«Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում զարգացման խթանման, ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմննած փոխգործակցությունը կունենա իր դրական արդյունքը։ Նաև այս համատեքստում մեծապես ողջունում ենք Բելգիայի կառավարության որոշումը՝ Երևանում դեսպանություն բացելու վերաբերյալ, ինչն անկասկած նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական դինամիկ հարաբերությունների զարգացմանը»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն Հաջա Լահբիբին շնորհակալություն է հայտնել Բելգիայի ԱԳՆ-ի կողմից Երևանում գործող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, համագործակցությունը կշարունակվի նաև այդ ուղղությամբ։ Երկու արտգործնախարարների հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի և Բելգիայի միջև միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես հաշվի առնելով Բելգիայի օրենսդիր մարմնի համերաշխությունն ու զգալի ուշադրությունը Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող հարցերում։
Հանդիպման ընթացքում Միրզոյանն ու Լահբիբն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությանը, քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում համագործակցությունը։ Հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելուց մինչև տնտեսական զարգացում, անվտանգային հարցերի շուրջ երկխոսություն և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեություն։ Հայկական կողմն իր գոհունակությունն է հայտնում պետական սահմանին մշտադիտարկում իրականացնող առաքելության կազմում հատկապես Բելիգիայի ներկայության առթիվ։
Կարծիքներ