Հայաստանի պատվիրակությունը Սոչիում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական ֆորումին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական համաժողովին:
Ֆորումին մասնակցել են ԱՊՀ և ԵԱՏՄ անդամակցող երկրների ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, ԲԵլառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Կուբայից, ինչպես նաև ԱՊՀ այլ պետություններից։ Ֆորումն անցկացվել է ՌԴ Սոչի քաղաքում:
Միջոցառման բացման արարողությանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը։ ՌԴ վարչապետն անդրադարձել է եվրասիական ինտեգրացման շրջանակում այժմ գործող երիտասարդների համար նախատեսված ծրագրերին։ Մասնակիցներին ողջունել են ԱՊՀ գլխավոր քարտուղար Ս․ Լեբեդևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Մ․ Մյասնիկովիչը, ֆորումին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները։
Բացման արարողությանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երիտասարդներին մասնակցությանը ժամանակակից տնտեսական խնդիրների լուծմանը: Խոսելով ֆորումի հիմնական թեմայի՝ երիտասարդական ձեռներեցության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված աջակցության մասին՝ Ա. Մարտիրոսյանը երեք առանցքային մոտեցում է շեշտադրել։
«Առաջինն այն է, որ ձեռնարկատիրական հմտությունների և ձեռնարկատիրական վարքի ձևավորումը պետք է սկսվի դպրոցից և շարունակվի հետագա կրթական աստիճաններում»,- նշել է նախարարի տեղակալը՝ հակիրճ ներկայացնելով հանրակրթական, միջին մասնագիտական և բուհական կրթական համակարգերում այդ ուղղությամբ ձևավորված հայաստանյան փորձը:
«Այժմ ՀՀ-ում փորձարկվում է Հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որով սահմանված է, որ դպրոցն ավարտելիս շրջանավարտն արդեն պետք է ունենա ձեռնարկատիրական հմտություններ՝ տարբերելով ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը։ Նույնատիպ մոտեցում է կիրառվում նաև միջին մասնագիտական կրթական համակարգում, որտեղ անկախ մասնագիտությունից՝ ձեռնարկատիրական մոդուլը պարտադիր բաղադրիչ է համարվում։ Բարձրագույն կրթության համակարգում ևս բազմաթիվ հայաստանյան բուհեր, համագործակցելով միջազգային բուհերի հետ, իրականացնում են ուսանողների ձեռնարկատիրական կրթությանն ուղղված լրացուցիչ ծրագրեր՝ ակադեմիական կրթությանը զուգահեռ։ Մենք պատրաստ ենք մեր փորձառությամբ կիսվել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ՝ առավել նպաստելու եվրասիական ինտեգրմանը, պետությունների միջև կապերի սերտացմանը, տնտեսության արդիականացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը։
Ըստ նախարարի տեղակալի՝ երկրորդ մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է քաջալերել երիտասարդներին ոչ միայն համալրելու աշխատաշուկան՝ որպես պատրաստված մասնագետներ, այլև անել հնարավորը, որպեսզի հենց նրանք դառնան գործատուներ:
Խոսելով երրորդ մոտեցման մասին՝ Ա. Մարտիրոսյանն ընդգծել է ձեռնարկատիրությունը խթանող երիտասարդական ծրագրերի մասին տեղեկատվական պորտալների գործարկման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան էլ ավելի մեծ թվով երիտասարդների հաղորդակից դարձնելու ազգային և վերազգային մակարդակով իրականացվող աջակցման ծրագրերին։ «Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ քանի որ ԵԱՏՄ-ն կոչված է միավորելու անդամ պետությունների տնտեսական և իրավական տարածությունները, ստեղծելու մարդկային կապիտալի, աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի հնարավորություններ, արդյունավետ կլինի ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում ստեղծել միասնական երիտասարդական պորտալներ, որտեղ կտեղադրվեն երիտասարդական ձեռնարկատիրության խթանմանն ու երիտասարդության մասնակցության աճին ուղղված բոլոր ազգային և վերազգային ծրագրերը»,- ասել է նա։
Ֆորումի առանցքային իրադարձությունը լիագումար նստաշրջանն էր: Ռազմավարական քննարկումների շրջանակում մշակվել են երիտասարդական ձեռնարկատիրության և պետական իշխանության մարմինների կողմից ոլորտի աջակցության նախաձեռնություններ։
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էին պետական և ոչ պետական կառույցների 13 ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետական գերատեսչություններից (ՀՀ ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարություններ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններից, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղից, երիտասարդ ձեռնարկատերեր և ստարտափների հեղինակներ։
Ֆորումի նպատակն էր ԱՊՀ և ԵԱՏՄ տիրույթում երիտասարդական ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտող խնդիրների վերհանումը, միասնական լուծումների առաջադրումը, ինչպես նաև անդամ պետությունների երիտասարդ մասնագետների և երիտասարդ ձեռնարկատերերի համար ինքնիրացման նոր հնարավորությունների ստեղծումը։
Սոչիում տեղի ունեցող երիտասարդական ֆորումի կազմակերպիչը ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալությունն է («Росмолодежь»)՝ Եվրասիական տնտեսական կոմիտեի և ԱՊՀ գործադիր կոմիտեի անմիջական աջակցությամբ։
Ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանն այցելել են Սոչիի «Գաղափարների ծով» կենտրոն, որտեղ, ի թիվս մի շարք ծառայությունների, տարատեսակ ծրագրերի միջոցով աջակցություն է տրվում երիտասարդներին սեփական բիզնես գաղափարներն իրականություն դարձնելու համար։
ՀՀ ԿԳՄՍ ներկայացուցիչներն այցելել են նաև Սոչիի «Երիտասարդների տուն» երիտասարդական կենտրոն, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին, ծառայություններին, աշխատանքային մեթոդաբանությանը։
ԱՊՀ և ԵԱՏՄ 2-րդ երիտասարդական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել գործարար հանդիպում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալների հետ՝ ԵՏՀ և ԱՊՀ ղեկավարության մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ֆորումի մասնակիցները ներկայացրել են աշխատանքային խմբերում քննարկված և մշակված երիտասարդական նախաձեռնությունները՝ միտված երիտասարդների ԵԱՏՄ և ԱՊՀ գործընթացներում ինտերգրմանը, երիտասարդների միջև գործարար համագործակցության հաստատմանը։ Պատվիրակների կարծիքով բարձր մակարդակով գործարար հանդիպումն ուղղակի հաղորդակցության եզակի ձևաչափ է, որտեղ միության երկրների երիտասարդ ձեռնարկատերերի լավագույն ինտեգրացիոն առաջարկները աջակցություն կարող են ստանալ անմիջապես պետության բարձրաստիճան պաշտոնյաներից։
Կարծիքներ