«Կատարվել է ահռելի ծավալի աշխատանք»․ ՇՄ նախարարն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին

«Կատարվել է ահռելի ծավալի աշխատանք»․ ՇՄ նախարարն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին

Սիրելի՛ հայրենակիցներ, օրեր առաջ լրացել է իմ՝ որպես Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնավարման մեկ տարին։ Այս մասին գրառում էկատարել ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

 

Նա մասնավորապես նշել է․ «Մեր երկրի համար փորձություններով լի այս մեկ տարվա ընթացքում գերատեսչությունում կատարվել է ահռելի ծավալի աշխատանք՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում ավելի’ պաշտպանված, ավելի՛ կանաչ, գիտելիքահեն կառավարման ներքո կայուն զարգացող շրջակա միջավայր ունենալուն։

 

Հրապարակումների հատուկ շարքով պարբերաբար ձեր ուշադրությանը կներկայացնենք այս մեկ տարվա ընթացքում #կատարված_աշխատանքները։

 

Եվ այսպես, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառման ուղղությամբ #կատարված_աշխատանքներ

 

 Մշակվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթը, ինչի ընդունումը կնպաստի Ջրի շրջանակային դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև կնպաստի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման իրավակարգավորմանը։

 

 Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի «Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանելու մասին» N 335-Ն հրամանով սահմանվել են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական և ջրաքիմիական պահպանության պահանջներ:

 

 Կառավարության կողմից 2021 թվականի ապրիլի 8-ին հաստատվել է «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշումը, որով սահմանվել է փհէկ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկը:

 

 Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտա¬գործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:

 

 2021 թվականի մայիսի 26-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-219-Ն օրենք, որով տարափային (հեղեղային) ջրահեռացման և (կամ) ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային (հեղեղային) և ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և (կամ) ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելու, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:

 Շրջակա միջավայրի նախարարի 2021 թվականի հունիսի 30-ի «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 233-Ն հրաման սահմանվել են ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ։

 ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ջրային ռեսուրսների մոնիթորինգի և գնահատման պահանջներին համապատասխան «ԵՄ Ջրային նախաձեռնություն+» ծրագրի շրջանակում 2020 թվականի հունիսից իրականացվում է մակերևութային ջրերի հիդրոկենսաբանական մոնիթորինգ` Արփա, Որոտան, Դեբեդ գետերի ավազաններում (մինչ այժմ ջրի որակը գնահատվում էր կիրառելով միայն ֆիզիկաքիմիական ցուցանիշները):

 Հայաստանում փաստացի գործող 47 հիդրոօդերևութաբանական կայաններից` Երևանում և ՀՀ վեց՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի և Արարատի մարզերում, ՄԱԶԾ օժանդակությամբ արդիականացվել են 23-ը` ավտոմատ օդերևութաբանական գերժամանակակից կայանների ներդրմամբ:

 Զննությունների արդյունքում ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել է անհամապատասխանություններ, 45 խախտման վերաբերյալ միջնորդագիր է ուղարկվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տրամադրվել է 183 ջրօգտագործման թույլտվություն։Երկարաձգվել է 207 ջրօգտագործման թույլտվություն։Վերաձևակերպվել է 21 ջրօգտագործման թույլտվություն։ Մերժվել է 48 ջրօգտագործման թույլտվության ստացման հայտ։

 Գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ներկայացրել 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խնդրել եմ գլխավոր դատախազին քննության առարկա դարձնել անբարեխիղճ տնտեսվարողների վարքը, ընդերքին ու պետությանն հասցած վնասի հաշվարկ կատարել և գործընթացին իրավական լուծում տալ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում