ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՀ նախագահի և ՀՀ նախկին երկու նախագահների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը
ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը»,- ասվում է հայտաարության մեջ:
ՀՀ ԱԳՆ գնահատմամբ՝ Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ադրբեջանին կոչ է անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ միաժամանակ վերահաստատելով տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:
Կարծիքներ