Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-հունական տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ. Տիգրան Մկրտչյան
Փետրվարի 22-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի զարգացման և ներդրումների նախարար Ադոնիս Գեորգիադիսին։ Այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններն ակտիվացնելուն ուղղված քայլերը։ Հայաստանի դեսպանը նշել է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսական կապերն ակտիվացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
Ադոնիս Գեորգիադիսն իր հերթին նշեց, որ հույն և հայ ժողովուրդները բնական դաշնակիցներ են և պետք է ամուր կապեր ունենան բոլոր ոլորտներում։ Նախարարը բարձր գնահատեց հունահայ համայնքի դերակատարությունը հայ-հունական հարաբերություններում։
Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանք տանել երկկողմ տնտեսական շփումները խթանող ուղղությունները ուրվագծելու ուղղությամբ։ Քննարկվել է նաև երկկողմ այցելություններ կազմակերպելու հնարավորությունները։
Կարծիքներ