Ինչպիսի պատասխանատվության կենթարկվեն տրանսպորտից օգտվող և չվճարող քաղաքացիները

Ինչպիսի պատասխանատվության կենթարկվեն տրանսպորտից օգտվող և չվճարող քաղաքացիները

«Արդարացումների ժամանակն անցավ, թե բոյկոտում ենք, առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառման»։

Արձանագրումը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արեց փետրվարի 17-ին՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նա նկատեց՝ բոլոր այն մարդիկ, ովքեր մտնում են ավտոբուս ու չեն վճարում, աջակցում են տրանսպորտի զարգացման դեմ տարվող օրակարգին։

Քաղաքապետը, ճիշտ է, չհրապարակեց չվճարող քաղաքացիների հետևանքով չհավաքված եկամտի չափը, սակայն իր մոտ առկա թղթերին հղում անելով՝ ասաց՝ թվերից ակնհայտ է դառնում, որ քաղաքացիների որոշ տոկոս շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար:

 

Քաղաքապետարանը դեռևս չի հստակեցնում՝ որոնք են լինելու բոյկոտող քաղաքացիներին տուգանելու միջոցները, սակայն շատ է խոսվում, որ ծառայության դիմաց վճարելու հարցը կարգավորելու գործառույթը իրականացվելու է հսկիչների միջոցով, որոնք լինելու են ավտոբուսներում:

Երևանի մասին օրենքի քննարկումներով դեռևս պետք է հաստատվի, որ հասարակական կարգի պահպանության վարչությունում աշխատակիցներ կլինեն, որոնք կշրջեն ու համապատասխան սարքավորումով կմոտենան քաղաքացուն, կանեն նույնականացում ու կհասկանան, թե քաղաքացին արդյոք վճարե՞լ է տրանսպորտ մուտք գործելու պահին, կամ արդյոք նա վճարե՞լ է իր համար նախատեսված փաթեթներով։

 

Չվճարելու հարցը կարգավորելու տարբեր մեթոդներ, իհարկե, կան, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանը։ Նա ընդգծել է, որ երևանցիներին հարիր չէ բոյկոտի անվան տակ անօրինության կամ իրավական ակտերի խախտման դիմելը, իսկ եթե ավագանին նոր մեթոդների էլ անցնի, դրա նպատակը չի լինի քաղաքացուն պատժելը։

Ըստ Մանուկյանի՝ բոյկոտի անվան տակ չվճարելը սահմանադրական իրավունքի իրացում չէ, ինչպես պնդում են ավագանու ընդդիմադիր անդամները։ Ուստի երևանցիները չվճարելու դեպքում պետք է ընդունելի համարեն նաև համապատասխան միջոցների կիրառումը, ասում է նա:

Գուցե մարդիկ չեն վճարում նաև ապատեղեկատվությունների զոհը դառնալու հետևանքով, կարծում է ավագանու անդամը՝ միաժամանակ կրկին շեշտելով, որ ծառայությունից օգտվելն ու գումար չվճարելը ամոթ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում