Հայաստանի համար պայքարն այլեւս աշխարհաքաղաքական տիրույթում է
ԱՄՆ-ի Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի հայաստանյան այցը, բացի իր պատմական կարեւորությունից, չափազանց կարեւոր նշանակություն ունի հենց այս պահին մեզ համար անվտանգություն ապահովելու տեսանկյունից: Ակնհայտ է, որ այս այցից հետո Ադրբեջանի կողմից հերթական արկածախնդրությունը չի հանդուրժվելու Վաշինգտոնի կողմից, ինչի մասին են վկայում ամերիկյան գործադիրի` մասնավորապես պետքարտուղարության եւ պենտագոնի անթաքույց ներգրավվածությունը:
Ուշագրավ է, որ նախօրեին` ԵԱՀԿ Մինսկի նախկին համանախագահող, բացահայտ ադրբեջանամետ Մեթյու Բրայզան, Ալջազիրային Ստամբուլից տված հարցազրույցում հայտարարել էր, թե Փելոսիի երեւանյան հայտարարությունները ընդամենը քաղակական գործչի անձնական կարծիք է եւ` «ներքաղաքական օրակարգ են սպասարկում»: Տեսանելի է նաև, որ թուրք-ադրբեջանական լսարանին կերակրող Բրայզայից զատ, Փելոսիի այցն ու հայտարարությունները թերարժեւորելու փորձեր են անում Բաքուն եւ Մոսկվան:
Այսպես, Ադրբեջանը ոչ կառուցողական է որակում Կոնգրեսի խոսնակի ուղիղ ձեւակերպումներն առ այն, որ հենց Ադրբեջանն է մահացու հարձակում իրականացրել Հայաստանի դեմ: Իրենց հերթին մերձկրեմլյան մամուլի միջոցները ջանք չեն խնայում ձեռառնոցու վերածելու ամերիկացի բարձրաստիճան օրենսդիրի այցը, իսկ որոշ դեպքերում ուղղակի սպառնում Հայաստանին նշելով, թե` «хотите уйти, все очень просто, отключим газ»: Պուտինյան պրոպագանդիստներն իհարկե շատ ավելի լայն զինանոց ունեն Հայաստանի դեմ, սակայն թերեւս որոշակի զգուշավորությամբ են մոտենում խնդրին, հաշվի առնելով իրենց իսկ երկիրը անդունդի եզրին հասցրած ղեկավարի վիճակը:
Այնպես չէ, թե Նենսի Փելոսիի այցը, Բլինքենի անդադար զանգերը, Պենտագոնի ներգրավվածությունն ու Սպիտակ տան ուղղակի աջակցությունը Երեւանին՝ անպայմանորեն ապահովելու են մեր անվտանգությունը: Փաստ է, սակայն, որ Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը Հայաստանին աջակցելու հարցում հանդես է գալիս միացյալ ճակատով. այսինքն` եւ՛ գործադիրը, եւ՛ օրենսդիրը, ե՛ւ ուժայինները (բոլորովին վերջերս ԿՀՎ ղեկավարի այցը Երեւան) համատեղ են գործում` ըստ էության հետքայլի տեղ չթողնելով: Ասել կուզե, եթե Ալիեւը, լինի դա ռուս-թուրքական ճնշման տակ, թե` իր որոշմամբ, կրկին որոշի հարձակվել Հայաստանի վրա, դա նրան չի ներվելու:
Նենսի Փելոսիի այցը անկասկած առավելապես նյարդայնացրել է Մոսկվային, հատկապես հաշվի առնելով Կոնգրեսի խոսնակի` հայաստանյան ժողովրդավարությանն աջակցելու եւ Ուկրաինայի հետ համեմատելու մասին հայտարարությունները: Այս առումով Փելոսին Հայաստանը դրել է ռուս-ամերիկյան հարաբերությունների հարթությունում, ինչը նշանակում է, որ հետայսու մեր դեմ ագրեսիայի պարագայում պատասխանատվություն է կրելու Վաշինգտոնը: Այլ կերպ ասած, Հայաստանի համար պայքարն այլեւս աշխարհաքաղաքական տիրույթում է:
Փելոսիի այցն արժեզրկելուն լծված պրոպագանդիստները հենց այս մասին են խոսում Մոսկվայում, նաեւ օրինակ բերելով Թայվանը, որտեղ ամիսուկես առաջ այցելել էր խոսնակը: Այո՛, Թայվանի պարագայում իրավիճակը եւս գերլարված է, ինչի վերաբերյալ հենց այսօր Ջո Բայդենը հայտարարել է, թե Չինաստանի կողմից հնարավոր ագրեսիայի պարագայում ԱՄՆ-ն զորք կմտցնի Թայվան:
Այս ամենում ո՞րն է մեր անելիքը: Որպես առաջին քայլ պետք է սպասել ՀԱՊԿ-ի մոնիտորինգային խմբի այցի արդյունքների հրապարակմանը եւ նրանց կողմից անելիքների հստակեցմանը: Հնարավոր հերթական ջայլամային աճպարարության պարագայում, պաշտոնական Երեւանը պետք կարեւորագույն որոշումներ կայացնի` այդ կառույցում իր մասնակցությունը սառեցնելուց, մինչեւ դրանից դուրս գալու գործընթաց հարուցելը:
Զարգացումները չափազանց արագ են ընթանում, մեզ պետք է ծայրահեղ կշռադատված, մտածված, բայց նաեւ կոնկրետ գործել: Պատմական այս պահը ճշգրիտ չգնահատելու պարագայում` հնարավոր աղետը կարող է իրավամբ անդառնալի լինել մեր պետության ու ժողովրդի համար:
Արսեն Խառատյան
Կարծիքներ