Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված բնակիչը 11 օր ինքնամեկուսացել է ծառի վրա
Հնդկաստանի Թելանգանա նահանգի Նալգոնդա շրջանում COVID-19-ի դժվարությունները կապված են ոչ միայն բժշկական կենտրոնների, դեղերի եւ պատվաստանյութերի հասանելիության խնդիրների, այլեւ տանը մեկուսանալու անհնարինության հետ։ Քանի որ շատ ընտանիքներ ապրում են մեկ սենյակում, որտեղ նաեւ խոհանոցն է, հաճախ՝ նաեւ զուգարանը, դրական ախտորոշմամբ պացիենտները հաճախ պարզում են, որ գնալու տեղ չունեն մեկուսանալու եւ հարազատներին վարակվելու վտանգից զերծ պահելու համար, տեղեկացնում է Nat- geo-ն։
Հենց այսպիսի իրավիճակում հայտնվեց 18-ամյա Ռամավաթ Շիվա Նաիկը, երբ մայիսի 4-ին նրա մոտ COVID-19 ախտորոշվեց։ Կամավորականները նրան խորհուրդ տվեցին մնալ տանը եւ մեկուսանալ ընտանիքից, բայց սուղ պայմանների պատճառով պատանին նման հնարավորություն չուներ։ Ուստի Շիվան իր համար բամբուկից անկողին պատրաստեց եւ այն ամրացրեց ծառին։
Պատանին ասել է, որ չի կարող իրեն թույլ տալ վարակել հարազատներից որեւէ մեկին, դրա համար որոշել է կարանտինն անցկացնել ծառի վրա։ Մերձակա հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկային։ Հնդկական The Print պարբերականի լրագրողներն այցելեցին Շիվային, երբ նա կարանտինի մեջ էր արդեն 11 օր։ Տղան պատմել է, որ ուտելիքը բարձրացնում է պարանով կապված դույլով, եւ քանի որ տանը միայն մեկ զուգարան կա, կարիքը ստիպված է հոգալ դաշտերում, արեւամուտից հետո։
Շիվան ծառի վրա ժամանակը մեծ մասամբ անցկացնում է հեռախոսով, որը պահում է բնին կապված փոքրիկ զամբյուղում։ Տղայի մայրը՝ 38-ամյա Անասույան, պատմել է, որ Շիվայի որոշումը միակ հնարավորն էր այս պարագայում։
«Մենք ամուսնուս հետ աշխատում ենք օրավարձով, Շիվայից բացի եւս երկու երեխա ունենք։ Որդիս հասկանում էր. եթե մենք վարակվենք, ընտանիքը դժվար կգոյատեւի։ Հանրային առողջապահության աշխատակիցները մեզ ասացին, որ նրան մեկուսացնենք, բայց չհարցրին՝ արդյո՞ք նման հնարավորություն ունենք։ Մենք հինգ կիլոմետր անցանք մերձակա բուժկետ հասնելու համար, բայց այնտեղ ազատ մահճակալներ չկային։ Որտե՞ղ թողնեինք նրան»,- ասել է Անասույան։
Լրագրողների այցը Շիվային գրավել է գյուղի բնակիչների, այնուհետեւ՝ ոստիկանության ուշադրությունը։ Արդյունքում՝ տղային ուղարկել են հանրակացարան, որը մեկուսարանի է վերածված։ Այն գտնվում է Շիվայի ապրած գյուղից հինգ կիլոմետր հեռու։
Գյուղի բնակիչ Մահեշ Գուդի խոսքով՝ միայն Շիվան չէ, որ դժվար կացությունից դուրս գալու արտասովոր ելք է փնտրել։ Նա պատմել է, որ ոմանք մեկուսացել են լոգարաններում, մյուսները ժամանակավոր խրճիթներ են կառուցել դաշտերում։
Փետրվարից Հնդկաստանում սկսվել է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աղետալի աճ։ Հիվանդացողների թիվն օրական հասնում է 400 հազարի։ Ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 25 մլն դեպք։ Սա աշխարհում երկրորդ ցուցանիշն է ԱՄՆ-ից հետո (33,7 մլն)։
Կարծիքներ