Հնդկաստանը Ռուսաստանին կփոխանցի կորոնավիրուսի հնդկական շտամի նմուշ
Նյու Դելին աշխատանքներ է տանում կորոնավիրուսի հնդկական շտամի նմուշը ռուսական կողմին փոխանցելու ուղղությամբ՝ այն ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի դեսպան Բալա Վենկատեշ Վարման:
«Հարցումը ստացել է հնդկական կողմը: Հնդկաստանի իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
Sputnik V պատվաստանյութի արտադրությունը Հնդկաստանում կսկսվի օգոստոսին: Դեսպանը հավելել է, որ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր նախատեսվում է Հնդկաստանում արտադրել 850 միլիոն պատվաստանյութի դոզա:
Միևնույն ժամանակ, Նյու Դելին ակնկալում է, որ մեկ բաղադրիչով Sputnik Light-ը նույնպես կհաստատվի օգտագործման համար:
«Ռուսական կողմը առաջարկում է նաև Sputnik Light-ը: Հնդկաստանում գրանցման գործընթացը դեռ ավարտված չէ: Բայց երբ պատվաստանյութը հաստատվի, Sputnik Light-ը կդառնա Հնդկաստանի և Ռուսաստանի համագործակցության մեկ այլ ոլորտ»,- ասել է նա:
Վարման նաև ասել է, որ երկիրը Ռուսաստանից բժշկական օգնության նոր խմբաքանակ կստանա առաջիկա մի քանի օրվա ընթացքում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Կարծիքներ