ԵՄ-ն կոչ է արել Բելառուսին ազատ արձակել ձերբակալված քաղաքական ակտիվիստներին
Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության և Բելառուսի պաշտոնատար անձանց հատուկ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Բելառուսում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում իրավիճակն օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում: Այս մասին տեղեկացնում է eurointegration.com կայքը` հղում տալով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կայքում տեղադրված հայտարարությանը:
«ԵՄ-ն վերահաստատել է իր անհանգստությունը Բելառուսի կողմից հիմնարար ազատություններին չհետևելու և թեկնածուներին կամայականորեն ընտրական գործընթացից դուրս թողնելու առնչությամբ: ԵՄ-ն կոչ է անում Բելառուսին ազատ արձակել բոլոր ձերբակալված քաղաքական ակտիվիստներին, ապահովել փաստաբանի հասանելիություն, ինչպես նաև արդար, անաչառ և թափանցիկ հետաքննություն», - ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ն նաև ափսոսանք է հայտնել, որ Բելառուսը ժամանակին չի երկարացրել ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների հարցերով գրասենյակի հրավերը և կոչ է արել հետևել միջազգային ընտրական չափանիշներին ընտրական գործընթացի շրջանակում:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի և Բելառուսի միջև գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ բանակցությունների վիճակը և Արևելյան գործընկերության շրջանակում երկկողմ համագործակցության հարցերը:
ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպման ժամանակ եղել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լյուկ Դևինը: Բելառուսի պատվիրակությունը ղեկավարել է փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոն:
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 9-ին:
Կարծիքներ