Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում նախապատրաստական աշխատանքները սկսված են
Ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ կտարվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքը բարեկարգելու, կանաչապատելու, մաքրելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծաղկի վաճառքն այս տարի ևս կիրականացվի բացառապես Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատման վայրում գտնվող ստորգետնյա հանգույցում և Լենինգրադյան փողոցում: Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարված է այդ օրը տարածքում խիստ հսկողություն սահմանել:
***
Մշակված նախագծի համաձայն՝ Սարյանի պուրակը կկանաչապատվի նոր լուծումներով: Այս շաբաթվա ընթացքում կտնկվի շուրջ 4000 գեղազարդ թուփ, կձևավորվի չորս ծաղկանոց: Մինչ ոռոգման տարեշրջանի մեկնարկն այս պահին տարածքի ոռոգման ցանցի կարգաբերման միջոցառումներ են ընթանում:
***
«Էկոքարս» ընկերության կողմից մայրաքաղաքում ապօրինի տեղադրված էլեկտրամոբիլային լցակայանները, որոնք ապամոնտաժվել էին, կտեղադրվեն այլ վայրերում: Հանձնարարվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկել և առաջարկել այնպիսի վայրեր, որոնք և՛ հասանելի, և՛ հարմարավետ կլինեն վարորդների համար: Հարկ է նշել, որ լցակայանները Ուկրաինայի հայերի միության նվիրատվությունն է, որի տնօրինումը վստահվել էր «Էկոքարս» ընկերությանը:
***
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը նախատեսվում է լուսավորել նորովի: Քաղաքապետն առաջարկվել է ՄԱԿ-ի գործընկերների հետ միասին աշխատանքներում ներգրավվել նաև դիզայներների, որպեսզի շենքի գեղարվեստական լուսավորությունն ինքնատիպ լուծում ստանա:
***
Երևանյան դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան այցելու համայնքային ենթակայության կազմակերպություններ ու կառույցներ և տեղում ծանոթանալու աշխատանքների կազմակերպման ընթացքին: Էքսկուրսիաներն, ի դեպ, կկազմակերպվեն համայնքին պատկանող «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսներով:
Կարծիքներ