Տավուշի մարզում ապօրինի ծառահատում է կատարվել
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Իջևանի բնակչի կողմից ապօրինի ծառահատում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տվյալներ իրացնելիս պարզվել է, որ 2022 թ. փետրվարի 20-ից մինչև փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի Փոքր շամուտ կոչվող տարածքից ապօրինի հատվել է 46 հատ եղևնի: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված եղևնիները հատել է Իջևանի բնակիչ:
Իրավապահների իրականացրած անհրաժեշտ միջոցառումների արդյունքում վերջինիս առանձնատանը կից պահեստարանում հայտնաբերվել է 2.20 մ երկարությամբ, սոճենու տարբեր տրամաչափի 168 հատ գերան, որոնք առաջացել են ապօրինի հատված վերոհիշյալ 46 հատ սոճենու հատման արդյունքում: Այս կապակցությամբ հիշյալ բնակիչը հայտարարել է, որ դրանք պատկանում են իրեն, սակայն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևանի բնակիչը, ապօրինի ծառահատում կատարելու դիտավորությամբ, «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Խաչարձանի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի Փոքր շանուտ կոչվող անտառամասում, 2022 թ. փետրվարի 20-21-ն ընկած ժամանակահատվածում, մինչև աճի դադարեցման աստիճանը, ապօրինի հատել է 45 հատ սոճի և 1 հատ հացի տեսակի տարբեր տրամաչափերի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը (բնությանը) պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 4.335.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Իջևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումն որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ