Որոշակիորեն տեսնում ենք Եվրամիության հետ հարաբերությունների մերձեցում. Փաշինյանը` The Guardian-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին.
Հարց - The Guardian՝ Պատրիկ Վինտուր - Մեկ հարց եմ շատ ցանկանում Ձեզ տալ` Դուք շրջապատված եք բավական մեծ 4 ավտորիտար երկրներով՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա և Ադրբեջան: Պարտվեցիք վերջերս պատերազմում: Ինչքա՞ն եք մտահոգված, որ մեծ ռիսկի եք գնում՝ փորձելով ավելի մոտ լինել Արևմուտքի հետ: Եվ արդյոք մե՞ծ է հավանականությունը, որ հաջորդ տասնամյակում Հայաստանը կանդամակցի Եվրամիությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, բայց Ձեր հարցի մեջ որոշակի ճշգրտումներ պետք է անենք, որովհետև մեզ շրջապատող երկրները թվարկելիս, այսինքն՝ վիճակագրությունն այդքան էլ ճիշտ չէր արտահատված, որովհետև մեր հարևան երկրներն են՝ Իրանը, Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը:
Մենք Ռուսաստանի Դաշնության հետ անմիջական սահման չունենք, բայց իհարկե, Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ էական և լուրջ դերակատար է: Ինչ վերաբերում է արևմուտքի հետ մեր մոտեցմանը, այսինքն՝ այն ինչ Դուք ձևակերպեցիք, իրականում, մենք երբեք էլ արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք: Եթե նույնիսկ շատերը բերում են այն, օրինակը, որ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո արևմուտքի հետ հարաբերությունները շատ սերտացել են, իրականում հեղափոխությունից առաջ Հայաստանը և Եվրամիությունն իրար հետ ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիր, և այդ պայմանագիրը կյանքի կոչելու պատասխանատվությունն արդեն մեր Կառավարության վրա ընկավ:
Իհարկե, նաև ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումները ստեղծեցին և ստեղծում են օբյեկտիվ պայմաններ մեր հարաբերություններում դինամիկ զարգացում արձանագրելու: Բայց ես նկատի ունեմ՝ եթե մի պահ ընթացիկ լրատվական հեղեղներից և հոսքերից դուրս գանք, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում: Եթե առավել ևս արձանագրենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք նաև ասել ենք, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով որդեգրած քաղաքականություն չէ, այլ դա մեզ համար ռազմավարություն է: Կա նաև մեկ ուրիշ հանգամանք, որն էական է, և այդ հանգամանքն արտաքին հարաբերությունների և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումն է:
Բայց իրականում, եթե շատ ուղիղ և անկեղծ ասեմ՝ դա ոչ թե պատճառ է, այլ հետևանք, որովհետև մենք արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում ենք, այո, բայց միայն մենք չենք դիվերսիֆիկացնում, գործնականում աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները, նույնիսկ նրանք, որոնք մինչև 2022 թվականը համարում էին, որ բավարար չափով դիվերսիֆիկացված են:
Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, և իհարկե, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր հետագա մերձեցմանը, ես Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:
Հիմա մենք, կարծես թե գնում ենք այդ ճանապարհով, ընդ որում, սա շատ կարևոր է արձանագրել՝ հրապարակային ճանապարհով, որովհետև մեզ և Եվրամիությանը, հատկապես ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, վերագրում են ինչ-որ «գաղտնի համաձայնություններ» և այլն: Շատ կարևոր է արձանագրել, որ մեզ համար թափանցիկությունը շատ կարևոր է, և մենք օրակարգերը թափանցիկ հրապարակել ենք, արդյունքներն էլ ենք թափանցիկ հրապարակել: Եվ այո, որոշակիորեն տեսնում ենք Եվրամիության հետ հարաբերությունների մերձեցում, բայց այդտեղ, իմ արձանագրմամբ, արտառոց ոչինչ տեղի չի ունենում, որովհետև դա մի կուրս է, որը Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ նոր չի որդեգրել:
Կարծիքներ