Հնդկական նահանգում սահմանել են գիշերային պարետային ժամ
Հնդկաստանի արեւմուտքում Մախարաշթրա նահանգի իշխանությունները կիրակի սահմանել են պարետային ժամ, որպեսզի հաղթահարեն COVID-19-ի դեպքերի ռեկորդային աճը, ընդ որում՝ Մումբաի քաղաքը հաղորդել է 6 123 նոր դեպքի մասին, ինչն օրական ամենաբարձր ցուցանիշն է, որն այդտեղ գրանցվել է համավարակի ամբողջ ընթացքում, հաղորդում է Reuters-ը:
«Մենք տեսնում ենք COVID-ի առավել բարձր ցուցանիշ բազմաբնակարան շենքերում, քան տնակային ավաններում... տարածումը դադարեցնելու համար կթույլատրվեն միայն հիմնական ծառայությունները»,-ասել է Մումբաիի քաղաքապետ Քիշոր Փեդնեքարը՝ հավելելով, որ հյուրանոցները, փաբերն ու առեւտրի կենտրոնները պետք է պահպանեն գիշերային պարետային ժամը:
Հնդկաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 62 714 դեպք, կիրակի հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ դա մեկ օրում ամենաբարձր ցուցանիշն է, որը գրանցվել է անցած տարվա հոկտեմբերից:
Մի քանի պետական հիվանդանոցներ հայտնել են, որ Մումբաի քաղաքում սպառվում են մահճակալներն ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Բազմաթիվ հնդիկներ սկսել են կասկածի ենթարկել կառավարության կողմից լայնորեն գովազդվող՝ պատվաստանյութերի արտահանման մասին արշավը: Ընդ որում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության միայն փոքր մասը:
Հնդկաստանը մատակարարել է պատվաստանյութերի 61 միլիոն չափաբաժին 77 երկրներին դրամաշնորհների, ինչպես նաեւ ոչ կոմերցիոն համաձայնագրերի շրջանակում:
Կարծիքներ