Թուրքական ԱԹՍ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող բնակավայրին
Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի բնակելի շենքերից մեկին։ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է քրդական Firat գործակալությունը։
Հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։ Քոբանին (արաբական անվանումը՝ Այն ալ-Արաբ) գտնվում է Հալեպից 126 կմ հեռավորության վրա՝ Եփրատ գետի արևելյան ափին։ Այս քաղաքում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» մարտիկներն առաջին հաղթանակն են տարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ 2015թվականին:
Firat գործակալությունը չի հստակեցնում, թե արդյո՞ք թուրքական անօդաչու թռչող սարքի հարձակման զոհերի թվում քուրդ զինյալներ կան։ Քոբանին և հարևան Մանբիջը (Հալեպից 40 կմ հեռավորության վրա) ծառայում են որպես հենակետեր ստորաբաժանումների համար, որոնք թռիչքներ են իրականացնում թուրքական զորքերի և սիրիական զինված ընդդիմության խմբավորումների դեմ, որոնց աջակցում է Անկարան։
Երեքշաբթի օրը թուրքական հրետանին հարվածել է Հասաքե նահանգի հյուսիսում գտնվող չորս գյուղերին։ Արդյունքում զոհվել է երկու կին և մեկ տարեց տղամարդ, վիրավորվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
Ավելի վաղ Asharq Al-Awsat թերթը հայտնել էր, որ Անկարան պատրաստվում է անվտանգության գոտու ընդլայնման գործողության, որը ստեղծվել է 2017 թվականին Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող սահմանամերձ Ջերաբլուս, Ալ-Բաբ և Ազազ քաղաքների միջև ընկած եռանկյունում։
2018 թվականին թուրքական «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում թուրքական զորքերը գրավել են Աֆրին շրջանը, որը գտնվում է Հալեպ քաղաքից 65 կմ հեռավորության վրա։ Թուրքիան նաև «Խաղաղության գարուն» ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում 2019 թվականի հոկտեմբերին՝ ստեղծելով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի իր սահմանի երկայնքով՝ Հասաքե և Ռաքքա նահանգներում:
Կարծիքներ