Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով

Ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունենալու Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5 մարզիկով:

 

Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Վարշավա են մեկնելու Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ): Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ կազմն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի առաջնությունում և Կիևի միջազգային մրցաշարում գրանցած արդյունքները:

 

«Տղաներից ակնկալում եմ լավ մասնակցություն, յուրաքանչյուր գոտեմարտի պետք է մասնակցեն հաղթելու համար»,- ասել է մարզիչը և հավելել, որ մայիսի 6-9-ը Սոֆիայում (Բուլղարիա) կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի կազմը կորոշի այս առաջնությունից հետո:

 

Վերջերս Բուդապեշտում կայացած վարկանիշային մրցաշարի չեմպիոն դարձած և Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցելու՝ փոխարենը հատուկ ծրագրով պատրաստվելու են մարզական գլխավոր ստուգատեսին:

 

«Արսենը և Վազգենը մասնակցում են ուսումնամարզական հավաքին, բայց բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը: Նրանք ոսկե մեդալ նվաճելու հավակնորդներ են, սակայն նպատակահարմար է՝ բաց թողնեն այս մրցաշարը, նրանց համար Օլիմպիական խաղերին պատրաստվելու հատուկ ծրագիր կլինի: Մայիսին կամ հունիսին ուղեգիր նվաճած ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարի»,- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:

 

Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը Եվրոպայի առաջնության կազմը կհայտարարի առաջիկա օրերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում