ԵՄ աջակցությամբ հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ
Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում հայտարարվել է Կանաչ և օրգանական գյուղատնտեսական նախագծերի մրցույթ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրից, Ագրոբիզնեսի աջակցության մրցույթը հայտարարվել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի (ԵՄ-GAIA) շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: ՀՀ կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Ըստ աղբյուրի՝ հայտամրցույթին կարող են մասնակցել ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։
«Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
1) «ԿԱՆԱՉ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում թարմ և վերամշակված պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր և ոչխարաբուծություն արժեշղթաների համար:
2) ՕՐԳԱՆԱԿԱՆ (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում:
Դիմելու համար հարկավոր է այցելել Էկոնոմիկայի նախարարության կայքի Մեդիա-հայտարարությունների բաժին
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021թ. մարտի 01-ը, ժամը 16:00 (Երևանի ժամանակով)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրից նաև հայտնում են, որ փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:
Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։
Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ:
Ավստրիական զարգացման գործակալության մրցույթի առաջին փուլի հաղթողների ցուցակը կհրապարակվի առաջիկա օրերին:
«ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (ԵՄ-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում: Ծրագրով ընտրված են հետեւյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, հատիկաընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր եւ ոչխարաբուծություն։
Կարծիքներ