«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքը նոր մշակույթ կձևավորի հասարակությունում. Կարեն Գիլոյան
«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքը և մյուս մարզական իրադարձությունները նոր մշակույթ կձևավորեն հասարակությունում:
Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Պետք է մշակույթի ձևավորվի, որ մարդիկ իմանան առողջ ապրելակերպով ապրել: Պետք է, որ նմանատիպ զանգվածային միջոցառումների մասնակցեն: Այն կարող է գեղեցիկ ավանդույթ դառնալ»,- ասաց Գիլոյանը: Վերջինիս մոտ կայացած նախապատրաստական նիստի ընթացքում հստակեցվեցին և վերջնական տեսքի բերվեցին մասնակիցների, մրցավարների և տեխնիկական այլ հարցերի հետ կապված խնդիրները:
Գիլոյանը առանձնացրեց նաև այն, որ այս պահի դրությամբ մասնակցության հայտ է ներկայացրել նաև 77-ամյա մի կին, ինքը կարող խթան լինել, որ վազքի և մյուս մրցաշարերին մասնակցեն նաև 30-35 ու ավել տարիքի կանայք:
ՀՀ ԿԳՄՍ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիրակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանի խոսքով` ինչպես կրոսավազքը, այնպես էլ մյուս երեք մարզաձևերը` լողը, սեղանի թենիսը և հեծանվավազքը, կարող են նորովի մոտեցնել հասարակությանը սպորտին: «Ուզում ենք այնպես անել, որ մեր ժողովրդի մեջ ամրապնդվի առողջ ապրելակերպը»,- ասաց նա:
Հոկտեմբերի 30-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը, որի նախապատրաստական և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը: Մրցաշարին կարող են մասնակցել առողջական խնդիրներ չունեցող բոլոր քաղաքացիները (սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ և այլն): Մրցաշարի ընթացքում առաջացած առողջական խնդիրների դեպքում պատասխանատվությունը կրում է մասնակիցը:
Տարիքային խմբեր
Կրոսավազքը կանցկացվի 3 տարիքային խմբով.
1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան (2004-2006 թթ. ծնված) դպրոցականներ (աղջիկներ և տղաներ) - 3 կմ,
2-րդ տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1986-2003 թթ. ծնված) կանայք, 18-40 տարեկան (1981-2003 թթ. ծնված) տղամարդիկ - 10 կմ,
3-րդ տարիքային խումբ՝ 36 (1985 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1980 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ - 10 կմ:
Առաջին խմբի մրցումը ժամը 13:00-ին կմեկնարկի Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից, իսկ երկրորդ և երրորդ խմբերինը՝ նույն ժամին, Փարաքարի համայնքապետարանի հարակից տարածքից: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երեք ժամ առաջ` անձը հաստատող փաստաթղթով:
Կարծիքներ