Կիևն ասել է` ինչ պայմանների դեպքում կքննարկի ՆԱՏՕ–ին անդամակցելուց հրաժարվելու հարցը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ասել է, թե որ դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ–ի անդամակցությունից հրաժարվելու հարցը։ Ըստ նրա` անվտանգության երաշխիքներ են հարկավոր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սառել է ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցի նկատմամբ, քանի որ հասկացել է, որ դաշինքը պատրաստ չէ ընդունել Ուկրաինային Ռուսաստանի հետ առճակատման վտանգի պատճառով։ Բացի այդ, Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման մասին հարցին պատասխանելիս Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է քննարկել այդ հարցը և փոխզիջումներ գտնել այդ տարածքներում մարդկանց հետագա բնակության վերաբերյալ։
«Մենք պատրաստ ենք առանցքային կետերով կառուցողական բանակցությունների։ Կարևորն իհարկե անվտանգությունն է, մարտական գործողությունների դադարեցումը... Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, նախագահ Զելենսկին չի վախենում ռուսական կողմի հետ քաղաքական ցանկացած հարցի վերաբերյալ խոսելուց։ Բայց բնական է, որ մենք պաշտպանում ենք մեր ազգային պետականությունը, մեր ազգային իրավունքները։ Եվ պետք է ստանանք մեր անվտանգության համար հստակ և կոնկրետ, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ այն պայմաններում, երբ ՆԱՏՕ–ն բացահայտ ասում է, որ Ուկրաինային չի ընդունելու։ Մանրամասների մասին այժմ խոսելն անիմաստ է։ Ամենակարևորը Ուկրաինան ֆիզիկապես պաշտպանելն է», – Պոդոլյակի խոսքերն է մեջբերում ուկրաինական «Страна.ua» պարբերականի Telegram ալիքը։
Կարծիքներ