Իրանը հայտարարում է «հաջողությամբ արձակված» երկրորդ ռազմական արբանյակի մասին
Թեհրանի և գերտերությունների միջև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների հնարավոր հանգուցալուծման ֆոնին Իրանը հայտարարում է «հաջողությամբ արձակված» երկրորդ ռազմական արբանյակի մասին։
«Իրանի երկրորդ ռազմական արբանյակը, որը կոչվում է Նուր-2, տիեզերք է արձակվել Հեղափոխության պահապանների օդատիեզերական թևի «Քասեդ» հրթիռով և հաջողությամբ տեղադրվել Երկրից 500 կիլոմետր բարձրության վրա», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանի արբանյակի արձակումը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին՝ կոչ անելով Թեհրանին ձեռնպահ մնալ միջուկային զենք կրելու ունակ բալիստիկ հրթիռների հետ կապված գործողություններից:
Մերձավորարևելյան և արևմտյան որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ Իրանը կարող է արբանյակներից ստացված պատկերները փոխանցել տարածաշրջանի թեհրանամետ ուժերին։
Թեհրանի միջուկային գործարքը վերականգնելու շուրջ բանակցությունները Վիեննայում շարունակվում են 2021-ի ապրիլից՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի և Չինաստանի միջնորդությամբ։
Կողմերն անցած օրերին հայտարարել են գործարքի շուրջ հնարավոր համաձայնության մասին։ Մինչ այդ ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության կազմակերպության ղեկավարը և Իրանը ընդհանուր հայտարարի են եկել Թեհրանի ծրագրի վերաբերյալ դիտորդական կազմակերպության հարցերին պատասխանելու ժամանացույցի շուրջ։
Իրանը, որը շարունակաբար պնդում է, թե չի ձգտում միջուկային զենքի, հավաստիացնում է, որ արբանյակային արձակումներն ու հրթիռների փորձարկումները ռազմական բաղադրիչ չունեն։
Կարծիքներ