Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել է «Տաթև» ազգային պարկի ստեղծման գաղափարը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին (World Wide Fund for Nature Armenian branch)։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Շրջակա միջավայրի նախարարություն և WWF-Հայաստան համագործակցությունը տարիների պատմություն ունի, որի շրջանակներում գերատեսչությունը հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է բազմաթիվ կարևորագույն բնապահպանական ծրագրեր, որոնք միտված են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների զարգացմանը և հզորացմանը։
Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը նախարարին է ներկայացրել վերջին տարիներին իրականացված աշխատանքները։
WWF Հայաստանի համար առաջնահերթություն է վտանգված տեսակների պահպանությունը, ինչպիսին է օրինակ կովկասյան ընձառյուծը։ Մեկ այլ կարևոր առաջնահերթություն է պահպանվող տարածքների համակարգի զարգացումն ու հզորացումը, որի շրջանակում WWF-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում պահպանվող տարածքներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարության և հիմնադրամի համագործակցության զարգացմանը, ընթացիկ ծրագրերին ու առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել «Տաթև» ազգային պարկի ստեղծման գաղափարին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կարևոր առաքելության մեջ գործուն աջակցության համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի առանձին բաղադրիչների շուրջ առավել մանրամասն աշխատանքային քննարկումներ կազմակերպել արդեն ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի հետ։
Կշարունակվեն երկուստեք ջանքեր գործադրվել և ակտիվ աշխատանքներ տարվել՝ համագործակցության առկա մակարդակն ավելի բարձր նշաձողի հասցնելու համար։
Կարծիքներ