ՀՀ-ի տերը ՀՀ ժողովուրդն է, պարո՛ն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել ՀՀ-ի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին

ՀՀ-ի տերը ՀՀ ժողովուրդն է, պարո՛ն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել ՀՀ-ի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին

«Ինձ մոտ վատ հիշողություններ արթնացան պարոն Կարապետյանի ելույթից: Մոտավորապես 2015-2016 թվականն էր, ռուսական հեռուստաալիքներից մեկում՝ թոք-շոուներից մեկի ընթացքում, Հայաստանին համեմատել էին ման եկող կնոջ կամ դավաճանող կնոջ հետ: Հայաստանում մեծ վրդովմունք էր առաջացել, ես էլ էի վրդովվել: Ցավոք, պարոն Կարապետյանի բերած օրինակները նույն աշխարհայացքի մեջ էին»:

Այս մասին նիստը վարողի իրավունքով ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականության քայլերին վերաբերող ելույթին:

Հիշեցնենք՝ Նարեկ Կարապետյանը, իր ելույթում մասնավորապես խոսելով Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին, հայտարարել էր հետևյալը. «Հայաստանն ուզում է Եվրոպային, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ է, ԵԱՏՄ-ն խանդում է, ասում է՝ ուր ես գնում, մենք ասում ենք ԵԱՏՄ-ին՝ Мы просто друзья, մեր մեջ խորքային ոչինչ չկա, բայց ԵԱՏՄ-ն ասում է՝ հիմա որոշիր՝ ինձ հետ ես, թե Եվրոպական միության:

Էդ պահին մենք ստրատեգիական որոշում ենք անում՝ գնանք Չինաստանի կազմակերպած ШОС (ՇՀԿ), շոկոլադ և ծաղիկ ուղարկենք էնտեղ»:

Դիմելով Կարապետյանին՝ Ռուբինյանը նկատեց՝ նա Հայաստանի արտաքին քաղաքականությունը համեմատել է սիրային եռանկյունու կամ քառանկյունու հետ:

«Բայց, պարո՛ն Կարապետյան, ես ձեզ համար լավ կամ վատ լուր ունեմ․ արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները սիրո հետ ունեն զրո կապ: Միջազգային հարաբերությունները կապ ունեն շահի հետ՝ պաշտպանական և անվտանգային, տնտեսական, բայց սիրո հետ ոչ մի կապ չունեն:

Ասեմ ավելին՝ միջազգային հարաբերությունները ոչ մի զգացմունքի վրա հիմնված չեն: Դրանք հիմնված են շահի, գործընկերության և միջազգային պայմանագրերի վրա: Ինչ կապ ուներ ձեր ասածը միջազգային հարաբերոյւթյունների հետ: Այսինքն՝ Դուք ուզում եք ասեք, որ Հայաստանը չպետք է արտաքին քաղաքականություն ունենա, այսինքն՝ եթե մեկի հետ շփվում է, մյուսի հետ չպե՞տք է շփվի, իսկ ինչի՞ մենք չպիտի գնայինք ՇՀԿ կամ ինչի՞ չպետք է խորացնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Մենք ինչ-որ մեկի սիրո կամ հավատարմության երդո՞ւմ ենք տվել»,- հակադարձեց Կարապետյանին ԱԺ նախագահը:

Ռուբինյանի խոսքով՝ մենք իրականում մեկին տվել ենք հավատարմության երդում ՀԱՊԿ-ի շրջանակում, երբ ստորագրել ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, և այդ նույն տրամաբանության մեջ ինչի չի համեմատում ՀԱՊԿ-ի պահվածքը նախարարության հանրահայտ գործունեության հետ:

«Ինչի՞ չեք ասում՝ ՀԱՊԿ-ը պահում է իրեն ինչպես հայտնի ֆիլմերի միջի հերոսները»,- հարց ուղղեց Կարապետյանին Ռուբինյանը՝ նշելով, որ զարմացած չէ նման խոսույթից, քանի որ նրանց ուժի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, վերջերս հայտարարել էր, թե Հայաստանը կմնա անտեր, եթե ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից:

Դիմելով Նարեկ Կարապետյանին՝ ԱԺ նախագահը նկատեց՝ նրանց ուժի պատկերացմամբ՝ Հայաստանը պետք է ունենա տեր:

«Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարո՛ն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը: Այդ ժամանակները վաղուց անցել են անվերադարձ: Հայաստանը էլ տեր չի ունենալու: Մոռացե՛ք»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում