Արդյունքահեն վարձատրություն. շուրջ 20 հազար պետական և համայնքային ծառայող ու պաշտոնյա կունենա աշխատավարձի աճ
2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող արդյունքահեն վարձատրության համակարգի շնորհիվ շուրջ 20 հազար պետական և համայնքային ծառայող ու պաշտոնյա կստանա ավելի բարձր աշխատավարձ։ Վարձատրությունը կախված կլինի յուրաքանչյուր կառույցի և յուրաքանչյուր պաշտոնյայի կամ ծառայողի կատարված աշխատանքի արդյունքից։ Օրենսդրական փաթեթը, որն այսօրվա Կառավարության նիստում ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, բխում է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրից։
Ծրագրի նպատակներից է ստեղծել արհեստավարժ և մասնավոր հատվածի հետ մրցունակ հանրային ծառայություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս բարեփոխումն անվանել է Կառավարության ամենաբարդ, բայց և ամենակարևոր բարեփոխումներից մեկը, որի նպատակը պետության և պետական համակարգի ուժեղացումն է։ Նոր համակարգում աշխատավարձը կազմված կլինի երեք մասից.
• պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձ,
• ստաժի հավելավճար՝ ծառայության միևնույն պաշտոնային խմբում յուրաքանչյուր տարվա համար 2%, առավելագույնը՝ 30%,
• կատարած աշխատանքի արդյունքի համար տրվող լրավճար։ Նախ սահմանվում են Կառավարության ծրագրից բխող նպատակները, հետո գնահատվում է, թե որքանով է պետական մարմինը դրանց հասել, և միայն դրանից հետո՝ յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը։ Որքան բարձր է արդյունքը, այնքան մեծ է վարձատրությունը։
2025 թվականից գործող պիլոտային ծրագրում աշխատավարձի հավելաճի շեշտը ղեկավար կազմի վրա էր։ Նոր կարգավորումներն ավելի շատ են տարածվում մասնագիտական պաշտոնների վրա։ Գործադիր իշխանությունում արձանագրված լավ արդյունքները հիմք կդառնան լրացուցիչ միջոցներ հատկացնելու նաև այլ մարմիններին, այդ թվում՝ դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նոր համակարգով պարգևատրումը դառնում է բացառություն. այն կտրվի միայն հատուկ առաջադրանքի կամ որակյալ աշխատանքի համար, իսկ տարեվերջին տնտեսված միջոցներից պարգևատրումներ այլևս չեն տրվի։
Օրենքով սահմանվում են նաև հավելումների վերին շեմեր։ Ծառայողը լրավճարի 10%-ը պետք է ներդնի իր կրթության և մասնագիտական զարգացման մեջ։ Բարեփոխումն իրականացնելու համար պետական բյուջեից կհատկացվի 2026 թվականի համեմատ 25 միլիարդ դրամով ավելի միջոց։


Կարծիքներ