Հուլիսի 8-ից նոր տրոլեյբուսները դուրս կգան երթուղի
Երևանում նոր տրոլեյբուսներն օրեր անց կսպասարկեն երթուղիները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ 2022 թվականին գնման գործընթացի արդյունքում կնքվեց պայմանագիր մատակարար ընկերության հետ և 15 նոր տրոլեյբուս մատակարարվեց Հայաստան։ Տվյալ տրոլեյբուսների հանձնումն ու ընդունումն արդեն կատարվել է։
«Մեկ-երկու օրում կավարտվեն մաքսազերծման աշխատանքները և շուտով տրոլեյբուսները կսպասարկեն երթուղիները։ Տվյալ տրոլեյբուսները սպասարկելու են 2 երթուղի՝ թիվ 2-ը և թիվ 10-ը։ Դրանք կշահագործվեն հին շարժակազմին զուգահեռ։ Ինչո՞ւ ենք նման մոտեցում կիրառել։ Նոր սերնդի տվյալ տրոլեյբուսներն ունեն մարտկոց, ինչը թույլ է տալիս, առանց կոնտակտային ցանցի, ևս 60 կմ շահագործել։ Այս տրոլեյբուսները հնարավորություն են տալիս կատարել երթուղու փոփոխություն, ինչն էլ արվել է»,-ասաց Վազգեն Հարությունյանը։
Երթուղու փոփոխության ընթացքում, որպեսզի տարանջատում լինի, սահմանվելու է 2ա և 10ա։ Ա տարբերանշանով երթուղիները կսպասարկեն նոր սերնդի տրոլեյբուսները, որոնք կոնտակտային ցանցից դուրս նույնպես սպասարկում կիրականացնեն։ Երթուղու փոփոխությունների արդյունքում հնարավորություն է ընձեռվում տրոլեյբուսով սպասարկել Դավթաշեն վարչական շրջանը, Էրեբունու զանգվածը և Աէրացիան։
Հին շարժակազմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում տրոլեյբուսները կաշխատեն 10 րոպե պարբերականությամբ, իսկ կոնտակտային ցանցից դուրս, քանի որ բացառապես նոր տրոլեյբուսներն են սպասարկելու, հաճախականությունը կլինի մինչև 20 րոպե։
«Ստացվում է, որ երթուղու երկայնքով կլինեն ավտոբուսներին փոխարինողներ։ Եթե նախկինում տվյալ հատվածում գործում էին միայն ավտոբուսներ, ապա արդեն միանում են նաև տրոլեյբուսները»,-ասաց Վազգեն Հարությունյանը։
Առկա է մեկ այլ մրցույթ և պլանավորվում է ձեռք բերել ևս 15 տրոլեյբուս։ Տվյալ մրցույթը կայացել է, հաղթող մասնակից կա, այժմ պայմանագրային փուլն է։ Երկրորդ պայմանագրի ֆինանսական միջոցները հատկացնելուց հետո մինչև տարեվերջ ևս 15 տրոլեյբուս կլինի։ Արդյունքում, տրոլեյբուսային երթուղիները կսպասարկեն արդեն 30 նոր տրոլեյբուսները, ինչը գործող շարժակազմի 60-70 տոկոսն է կազմում։
Դիտարկվում է նաև էլեկտրաբուսերի ձեռքբերման հնարավորությունը։ Տրոլեյբուսի կարևորագույն գործառույթը էկոլոգիական խնդրի լուծումն է, որը կարող է ապահովվել էլեկտրաբուսերով։ Վերջնական որոշման դեպքում քաղաքապետարանը հանրությանը կտեղեկացնի։
Կարծիքներ