ԱՊՀ-ում առաջարկել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական մեդալ ստեղծել

ԱՊՀ-ում առաջարկել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական մեդալ ստեղծել

Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցները մի շարք որոշումներ են կայացրել ու հայտարարություններ ընդունել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում համատեղ հայտարարություն է ընդունվել լրագրողների մասնագիտական ​​գործունեության անվտանգ պայմաններ ապահովելու և նրանց իրավունքների ոտնահարում թույլ չտալու մասին։

Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դիվանագիտական ​​գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարություն են ընդունել նաև 2025 թվականին Գյանջա քաղաքը և 2026 թվականին Ալմաթի քաղաքը ԱՊՀ մարզական մայրաքաղաք հռչակելու մասին։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարել են ԱՊՀ շրջանակներում արտաքին գործերի միջնախարարական բազմամակարդակ խորհրդակցությունների պլանի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գործընկերության ակտիվացման գործողությունների ծրագրի կատարման մասին:

Հայտարարություն է ընդունվել նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակի տրամադրման 30-ամյակի կապակցությամբ։

Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնելու համար հավանություն են տվել «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 տարի» միասնական հոբելյանական մեդալի ստեղծման մասին և ԱՊՀ անդամ երկրներ ուղարկվող պատվիրակությունների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագծի վերաբերյալ որոշումներին:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի՝ Մինսկում կայացած նիստին։ Հայաստանն այս նիստին մասնակցել է փոխարտգործնախարարի մակարդակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում