Մխիթարյանը խուսափում է նոր պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ. Իտալացի լրագրող

Մխիթարյանը խուսափում է նոր պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ. Իտալացի լրագրող

Իտալացի լրագրող Իլարիո Դի Ջիովամբետիստան անդրադարձել է «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Լսել եմ, որ Մխիթարյանը խուսափում է պայմանագիրը երկարաձգելուց: Կարծում եմ, որ «Ռոման» չի կորցնի նրան, սակայն Ռայոլայի դեպքում հնարավոր չէ վստահ լինել 100 տոկոսով»,- լրագրողի խոսքը մեջբերում է forzaroma.info-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», որը հետևում է նրա շուրջ ստեղծված իրավիճակին: «Յուվենտուսում» սպասում են 32-ամյա ֆուտբոլիստի որոշմանը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մխիթարյանը չի շտապում երկարաձգել «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: «Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ, սակայն այդ հարցում կարող է կարևոր դերակատարում ունենալ նրա գործակալ Մինո Ռայոլան: Առաջիկայում Ռայոլան կհանդիպի «Ռոմայի» ղեկավարության հետ, որպեսզի քննարկի Մխիթարյանի ապագայի հարցն ու նոր պայմանագրի պայմանները:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում