Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար. հրապարակվեց մեղադրական եզրակացությունը

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար. հրապարակվեց մեղադրական եզրակացությունը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 15-ին,  ընթանում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքները։

«Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 դրամին համարժեք 3․000․000 դոլար կաշառք։

Ըստ մեղադրական եզրակացության Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք և օրինականացրել է ստացված եկամուտները», – նշվում է մեղադրանքի մեջ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մեղադրանքը պարզ չէ և 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի ցույց տան, թե մեղադրանքի կոնկրետ որ դրույթները պարզ չեն։ Ալումյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը նույնպես կգա այդ եզրակացության։

«Համոզված եմ, որ մեղադրանքը նույնիսկ պարզ չէ այն քննիչին, ում թելադրել են սա», – ասաց պաշտպանը։

Դատարանը 20 րոպեանոց ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները կարողանան ներկայացնել մեղադրանքում առկա անհստակությունների հետ կապված իրենց հարցերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ նաև Տելեգրամում