Հանրային քննարկման է դրվել ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախմբի ստեղծում, որը կապահովի մի շարք թիրախային հարցերի լուծում, մասնավորապես՝ ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ և առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը` բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը։
Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքում և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ զբաղեցնելով ընդհանուր շուրջ 700 հա մակերես:
«Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման, իրականացման, համակարգման և հետագա կառավարման մարմին է հանդիսանալու «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։ Հայեցակարգը կյանքի կոչելու գործընթացը իրականացվելու է մասնակցային և բաց ընթացակարգերի միջոցով` ներգրավելով Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի լավագույն մասնագետներին և մասնագիտացված կառույցները։
Ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու 4 ակադեմիական կլաստերներից, որոնք կազմավորվելու են համապատասխան 4 խոշորացված համալսարանների և դրանց հետ միավորված գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հենքի վրա՝ տեխնոլոգիական կլաստեր, արվեստների կլաստեր, կրթական կլաստեր և սպայական կլաստեր:
Յուրաքանչյուր կլաստերում ընդգրկվելիք բուհերի, կազմակերպությունների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հայեցակարգից:
Ակադեմիական քաղաքի 4 կլաստերներում և հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 հազար մարդ, որոնց մի մասին կամպուսային տարածքներում անհրաժեշտ է լինելու ապահովել կա՛մ հանրակացարանային տարածքով, կա՛մ ծառայողական բնակարաններով։
Կառուցվելու են նոր ենթակառուցվածքներ՝ ուսումնական հաստատություններ, հետազոտական կենտրոններ և այլ արտադրական և փորձարարական կենտրոնների շենքեր, հանրակացարանային կամ բնակելի թաղամաս՝ ուսանողների և դասախոսների համար: Նախատեսվում են նաև մշակութային և մարզական կառույցներ՝ բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահ և մինչև 35 000 հանդիսատեսի համար նախատեսված ազգային ստադիոն։
Կլաստերների նախագծման և կառուցման փուլում նախատեսվում են մի քանի հանգուցային կառույցներ՝ բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահը, 4 կլաստերների կենտրոնական մասնաշենքերը, ազգային ստադիոնը։ Դրանց ճարտարապետությունն ամբողջությամբ իրականացվելու է միջազգային գործընկերոջ կողմից: Համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային հեղինակավոր ճարտարապետական (gmp Architekten) և կառուցապատող (NUSSLI) ընկերությունների հետ, իսկ Արվեստների կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման համար՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լոնդոնի Արվեստների համալսարանի (University of the Arts London) հետ։
Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թ. սեպտեմբերից և ավարտել 2025 թ սեպտեմբերին: Կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 թ. հոկտեմբերից և նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թ. դեկտեմբերին:
Ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուր է հանդիսանալու ՀՀ պետական բյուջեն, ինչպես նաև միջազգային գործընկեր ֆինանսական և ներդրումային կառույցների ներդրումային կամ վարկային միջոցները: Կացարանային, բնակելի, սպորտային և կենցաղային այլ նպատակներով ֆոնդի կառուցման կամ կառավարման համար կներգրավվեն նաև մասնավոր հատվածից ներդրողների միջոցներ` որոշակի պայմաններով։
Ակադեմիական քաղաքի կառուցումն ու կայացումը չեն խոչընդոտելու գործող բուհական և գիտական համակարգի զարգացմանը, ինչը նշանակում է, որ ռազմավարական փաստաթղթերից և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից բխող որևէ ընթացիկ բովանդակային կարևորության ծրագիր չի դադարեցվելու: Տեղափոխման ենթակա բոլոր կազմակերպություններն իրենց աշխատանքները շարունակելու են գոյություն ունեցող ֆիզիկական ենթակառուցվածքներում մինչ այն պահը, երբ կլաստերներում արդեն հանձնված կլինեն համապատասխան ենթակառուցվածքները: Տեղափոխումից հետո Երևան քաղաքում ազատված անշարժ գույքը ըստ նպատակահարմարության և հնարավորության ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար:
Գործընթացին զուգահեռ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրավիրել է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ:
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. օգոստոսի 7-ը ներառյալ` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` https://www.e-draft.am/projects/6013 հղումով, կամ ուղարկել Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ [email protected]):
Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ս.թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 15.00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):
Կարծիքներ