Թբիլիսին կոչ է անում ՌԴ-ին դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ։
Հաղորդագրության մեջ նշվում է՝ Վրաստանը շարունակում է ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքականությունը և ցանկանում է ապահովել երկրի ապաշրջափակումը և խաղաղ զարգացումը դիվանագիտական և իրավական գործիքների կիրառմամբ՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։
Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կատարել Եվրամիության հանդեպ ստանձնած պարտավորությունները՝ 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագրով զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից, հայտնում է Aliq-ը։
«Վրաստանը շարունակում է կառուցողական ներգրավվածությունը ժնևյան միջազգային բանակցություններում, որը միակ ձևաչափն է 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության միջնորդությամբ կնքված զինադադարի համաձայնագրի իրականացման հարցում։
Վրաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում օկուպացիոն գծերով բաժանված հասարակությունների միջև հաշտեցման և վստահության վերականգնման և ընդհանուր եվրոպական ապագայի կառուցման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ