Կրակոցներ Վանաձորում. տղամարդը, տեսնելով պարեկներին, պարկով գողոնը շպրտել է, նետել լինգն ու թաքնվել մեքենայի տակ

Կրակոցներ Վանաձորում. տղամարդը, տեսնելով պարեկներին, պարկով գողոնը շպրտել է, նետել լինգն ու թաքնվել մեքենայի տակ

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկը ծառայություն կատարելու ընթացքում ահազանգ է  ստացել, որ Վանաձորի Գրիբոյեդովի փողոցի 6-րդ շենքում գողություններ են տեղի ունենում։

Այս մասին գրել է shamshyan.com-ը:

Պարեկը մեկնել է նշված վայր և Համբարձումյան փողոցի 7 հասցեի մոտ նկատել մի քաղաքացու, որի ուսին առկա է եղել պայուսակ, ձախ ձեռքին պարկ, իսկ աջ ձեռքին լինգի նմանվող առարկա։

Քաղաքացին, նկատելով պարեկներին, պայուսակն ու պարկը գցել է գետնին ու դիմել փախուստի։ Պարեկները հետապնդել են նրան, սակայն քաղաքացին ոչ միայն շարունակել է փախուստը, այլև ձեռքին եղած լինգը շպրտել է պարեկների ուղղությամբ։

Վերջիններս շարունակելով հետապնդումը, ասել են, որ դադարեցնի փախուստը և կանգնի: Ընթացքում մի քանի անգամ պարեկներից մեկը հայտարարել է՝ «կանգնիր, թե չէ՝ կկրակեմ»։

Տեսնելով, որ փախուստի դիմած քաղաքացին չի զգաստանում, պարեկներից մեկը իրեն ամրակցված ծառայողական զենքից մի քանի անգամ նախազգուշական կրակոց է արձակել դեպի օդ։ Հետո պարեկները նկատել են, որ տղամարդը ձեռքը տանում է դեպի գրպանը, ինչի պատճառով կասկած է առաջանում, որ նրա մոտ, հնարավոր է՝ հրազեն լինի։

Կրկին նրան ներկայացրելեն օրինական պահանջ՝ «կանգնիր» և ևս 1 նախազգուշական կրակոց արձակել դեպի օդ։ Քաղաքացին այդ պահին ևս չի ենթարկվում պարեկների «կանգնիր» պահանջին, փախել և մտել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի տակ։

Պարեկները շրջափակել են այդ ավտոմեքենան և տղամարդուն հորդորել, որպեսզի դուրս գա ավտոմեքենայի տակից։ Պարեկներից մեկը նրան հայտնել է, որ եթե այս անգամ էլ չենթարկվի իրենց օրինական «կանգնիր» պահանջին, ապա կրակոցն արձակելու են նրա ոտքերի ուղղությամբ։

Կարճ ժամանակ անց պարեկներին օգնության են հասել այլ ծառայողներ, ինչից հետո տղամարդը ավտոմեքենայի տակից ոստիկանների ու պարեկների ուղղությամբ է նետել դանակի նմանվող առարկա և մի քանի անգամ հայտնել, որ «հանձնվում է», դուրս է եկել մեքենայի տակից։

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին։

Պարզվել է, որ նա Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Պ․ Թունյանն է։ Վերջինս Ոստիկանության Բազումի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են թե որ տներից է Պ․ Թունյանը գողություններ կատարել, որպեսզի նրանց հրավիրեն բաժին, ճանաչեն գողացված ապրանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում