ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի հարցով նիստ կգումարի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ կանցկացնի Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների կապակցությամբ։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Անվտանգության խորհրդի աշխատանքի ծրագրից։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Անվտանգության խորհրդի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական ներկայացուցիչ Լանա Զաքի Նուսեյբան, որոշ երկրներ խորհրդակցություններ են պահանջել:
Հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին:
Օրերս ձախողվել էր Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը, սակայն Փհենյանը հավաստիացրել է, որ կհետաքննի ձախողման պատճառները և ևս մեկ արձակում կիրականացնի: Ըստ Փհենյանի՝ արբանյակի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից ռազմական արբանյակ տանող հրթիռի արձակումը՝ նշելով, որ բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայի օգտագործմամբ ցանկացած արձակում հակառակ է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին։
Կարծիքներ