Բնական աղետ Գյումրիում. տեսանյութ, լուսանկարներ
Այսօր կեսօրից հետո տեղացած առատ տեղումներից հետո, Գյումրին հայտնվեց հաստ ցառույցի շերտի և անձրևաջրերի տակ։ Քաղաքի մուտքից սկսած մինչև կենտրոնական շատ այլ փողոցներ դարձան անանցանելի, ընդհուպ մինչև մեքենաները մնացել էին ջրի տակ։
Հատկապես ծայրահեղ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել Գյումրիի «Մոստ» կոչվող հատվածում․ ջրի տակ էին մնացել մեքենաները, վարորդները, կանգնելով իրենց իսկ մեքենաների վրա, օգնություն էի հայցում։ Օգնության են հասել ԱԻՆ-ի փրկարարները։
Գյումրիի փրկարարներին հեղեղի պահին օգնության են հասել նաև Ախուրյանի փրկարարները։ Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Փրկարարները գործածել են նաև ռետինե նավակներ։ Գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։ 100-ից ավելի ահազանգ է եղել նաև Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն։
Գյումրիի համար հորդառատ անձրևին փողոցների ջրածածկ լինելն ու տնակային ավանները, շենքերի նկուղները ջրով ծածկվելը վաղուց նորություն չէ:
Այսօրվա վիճակը, սակայն աննախադեպ էր: Հավանաբար այն պատճառով, որ գրեթե մեկ ժամ կարկուտ տեղաց, նույնքան էլ՝ անձրև,- այս մասին freenews-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը։
«Տեղումների քանակն անհամատեղելի էր եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ: Առաջացած խնդիրների վերացման ուղղությամբ անմիջապես քայլեր են ձեռնարկվել»,- նշեց նա:
Այժմ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայությունն ամբողջ կազմով և ունեցած ողջ տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում:
Գարեգին Նժդեհի հրապարակում իրականացվող մաքրման աշխատանքներին հետևել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը:
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, նշելով, որ այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճատով վնասվել են ոչ միայն տրանսպորտային միջոցներ, այլ նաև բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։ Այժմ աշխատանքներ են իրականացվում էլեկտրամատակարարումը Գյումրու թաղերում վերականգնելու ուղղությամբ։ Համայնքի կողմից տարվում են վնասների գնահատման աշխատանքներ։
Կարծիքներ