Պեսկովը հերքել է Զելենսկիի մեղադրանքները Չինաստանին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այն հայտարարությունները, որ Մոսկվան Չինաստանին ներքաշել է ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։ Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Պեկինը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Դա այդպես չէ: Չինաստանը հավասարակշռված դիրք է բռնել: Չինաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բարեկամն ու ընկերը: Չինաստանը միշտ էլ շատ, շատ հավասարակշռված դիրք է բռնել: Ուստի Զելենսկին իրավացի չէ», - ասել է Պեսկովը:
Ապրիլի 9-ին Չինաստանի արտգործնախարարությունում հայտարարել էին, որ Պեկինն իր զինծառայողներին չի ուղարկել ռուս-ուկրաինական հակամարտությանը մասնակցելու համար, և որ երկրի իշխանությունները քաղաքացիներից պահանջում են խուսափել ռազմական գործողություններին ներգրավվելուց։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականների կողմից Չինաստանի երկու քաղաքացի գերի է վերցվել Դոնեցկի մարզում տեղի ունեցած մարտերի ժամանակ: Զելենսկին նաև համապատասխան տեսանյութ էր տարածել՝ չինացի ռազմագերու կադրերով։
Ապրիլի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից ուկրաինացիների դեմ կռվում է Չինաստանի 155 քաղաքացի, և որ Կիևին հայտնի են նրանց ազգանունները, անձնագրային տվյալները։
Կարծիքներ