Մարիա Զախարովան անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ թեմային՝ պատասխանելով Հանրային Հեռուստաընկերության լրագրող Մերի Եգորյանի հարցերին:
«Չնայած ՌԴ-ի կողմից միջնորդավորված հրադադարին՝ Ադրբեջանը շարունակում է գերեվարված պահել ոչ միայն զինվորականների, այլև՝ քաղաքացիական անձանց, մասնավորապես՝ Աֆթանդիլյանների տարեց ամուսնական զույգին: Նրանք գերեվարվել են Արցախ վերադառնալիս»,- հնչել է առաջին հարցը:
Երկրորդ հարցը վերաբերել է Բաքվում վերջերս բացված «պուրակին», և ինչպե՞ս է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում այդ գործողությունները, և ինչպե՞ս կազդեն դրանք խաղաղ բանակցային գործընթացի վրա:
«Ռուսաստանը միջնորդական ջանքեր է գործադրում Երևանի ու Բաքվի միջև՝ ամենասուր գրգռիչ հանգամանքը վերացնելու համար: Մենք կողմ ենք ռազմագերիների խնդրի լուծմանը «Բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով, և այդ քայլը բարենպաստ միջավայր կստեղծի մի շարք հարցերի կարգավորման գործում: Ինչ վերաբերում է «պուրակին», ապա մենք կարծում ենք, որ Բաքուն ու Երևանը կձգտեն քայլերի, որոնք կուղղվեն հարաբերությունների կարգավորմանը, և ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը: Փաստ է, որ մարդկային կյանքերի մեծ գին է վճարվել դրա համար: Այս պահից, նաև՝ ողբերգական և միաժամանակ ապագայի հույս տվող, անհրաժեշտ է օգտվել խաղաղ նպատակների համար, և ոչ թե այն օգտագործել իրավիճակի առավել սրման համար: Այո, շատ դժվար է, հատկապես ռազմական գործողություններից հետո, դժվար է հաղթահարել, նաև՝ հոգեբանորեն: Շատերը համաձայն չեն արդյունքների հետ, ոմանք ցանկանում են ռևանշ, ոմանք՝ շարունակություն, սակայն, դա՞ է նպատակը: Արդյո՞ք նման խնդիրների ստեղծումը կնպաստի կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը: Այս պարագայում ամենակարևոր խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում վստահության ամրապնդումը, դրական տնտեսական օրակարգի ձևավորումն է, որը կկարողանա Անդրկովկասում կայուն զարգացման հեռանկարների համար պայմաններ ապահովել: Դա բխում է տարածաշրջանի մեր բոլոր գործընկերների շահերից»,- հայտարարել է Մարիա Զախարովան:
Կարծիքներ